Միացյալ Նահանգները մտադիր է պատժամիջոցներ սահմանել Կրեմլի նկատմամբ՝ անցյալ տարվա ամռանն ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար:
Եթե դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իրոք դիմի այդ քայլին, դրանով կարձանագրվի լուրջ տարբերություն այդ հարցում նախորդ վարչակազմի դիրքորոշման համեմատությամբ: Անցյալ տարի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը որևէ կերպ չի արձագանքել Նավալնիի թունավորմանը:
Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2020 թվականի օգոստոսին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որը ստիպված վայրէջք է կատարել Օմսկում:
Այդ քաղաքում Նավալնիին բուժօգնություն են ցույց տվել, ինչից հետո Գերմանիայի կառավարության միջնորդությամբ նրան փոխադրել են Բեռլինի հիվադանոց, որտեղ գերմանացի փորձագետները ստուգումներ են անցկացրել և հայտարարել են, որ ընդդիմադիրին թունավորել են քիմիական մարտական զենք հանդիսացող «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:
Բուժվելուց հետո Նավալնին այս տարվա հունվարին վերադարձել է Մոսկվա, որտեղ անմիջապես կալանավորվել է, ապա իր նկատմամբ հարուցված գործով դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման: Հետագայում դատարանը հաշվի է առել տնային կալանքի և «Մատրոսկայա տիշինա» բանտում մնալու ժամկետները և վերջնական պատիժ է սահմանել 2.5 տարվա ազատազրկումը:
Նավալնին և նրա աջակիցներն, ինչպես նաև Արևմուտքի լիդերները և իրավապաշտպան կազմակերպությունները համոզված են, որ դատարանը բլոգերին պատժում է նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցների կոռուպցիոն աղաղակող գործարքները բացահատելու համար:
Եվրոպական Միությունը Նավալնիի խնդրով արդեն մի շարք պատժամի ոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: