Վերջին ամիսներին իր աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին է տեղեկացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ օմբուդսմենը մասնավորապես ներկայացրել է սահմանամերձ մարզեր պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ:
Թաթոյանը ներկայացրել է նաև Հայաստանի պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին:
Նախագահն ու օմբուդսմենն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել իր աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են ներգրավված բոլոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագահի ու օմբուդսմենի աշխատակազմերը համատեղ կաշխատեն ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու ուղղություններով:
Այս համատեքստում նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը, ասված է հաղորդագրությունում։