Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին: Նրա հայտարարությունը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:
Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ», - ՄԻՊ-ի փոխանցմամբ` ասված է Ժոզեֆ Սիգելեի հայտարարության մեջ:
Ըստ նրա` հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները, ինչը կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները. «Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»: