Մատչելիության հղումներ

Վանաձորում ոմանք հիասթափված են իշխանություններից, ոմանք էլ այլընտրանք չեն տեսնում


Միտինգների երևանյան հարթակներից հեռու՝ Վանաձորում, կարծիքները տարբեր են՝ ինչպես կհանգուցալուծվեն քաղաքական տարաձայնությունները։ Ոմանք հիասթափված են գործող իշխանություններից, ուրիշները նրանց այլընտրանք չեն տեսնում։

2018-ին Նիկոլ Փաշինյանին անվերապահ ձայն տված Լուիզան ասում է՝ երկուսուկես տարում իր բազմաթիվ սպասումներն այդպես էլ չարդարացան։ Կանգառում ավտոբուսի սպասող Սաթիկ Բալայանը հակադարձեց` իշխանության գալ ցանկացողները երկիրը կործանման կտանեն:

«Ինձ թվում ա, որ էս ընդդիմությունը չի անի այն, ինչ առաջ արել է, ես պատկերացնում եմ, որ իրենք հմի ճիշտ կանեն»:

«Ի՞նչ, հույս ունեք, որ Քոչարյանը լավ քաղաքականություն կանի, դե ընտրեք, բան չենք ասում, էսօր Նիկոլը նենց ոհմակի մեջ ա, ոչինչ չի կարում անի, բայց նրանց վրա հույս դնելն էլ»:

«Սենց թե նենց Նիկոլն արդեն իր հարգանքը բոլոր երկրների հանդեպ կորցրել է, ինքը չի կարա ինչ-որ մի նոր բան անի»:

«Մենք էլ ենք հասկանում, որ մենք նենց մի բանի մեջ ենք ընկած, որ ելքը չենք գտնում, անհույս վիճակում ենք, բայց էն, որ հույսներս դնենք 30 տարվա էտ մեր ղեկավարներին, դա բացառվում ա, ավելի վատ պիտի լինի»:

Այս կարծիքներն էին հնչում:

Երիտասարդները հիմնականում հրաժարվում էին պատասխանել մեր հարցերին։ Ավելի տարեցները շեշտում՝ հոգնել են ցույցերից, չեն մասնակցում մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին։ Շատերի համոզմամբ` դատարկ աթոռակռիվ է. «Կարապն ու խեցգետինը»-ը թող չանեն, որ ամենքը իրան են քաշում»:

«Մենակ ես էն կարամ ասեմ` եթե ստամոքսացավերը բուժվի, կլուծվի, որ չուտեն», - ասում է մյուսը:

Վանաձորում քիչ չեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Ասում են՝ գոնե առայժմ նրա հրաժարականը տեղին չէ։ Շատերը երկրի գործող ղեկավարին վերջին պատերազմում պարտվելու միակ մեղավորը չեն համարում, մյուսները մատնացույց են անում վերակառուցված ավտոճանապարհները, ավելացված թոշակներն ու աշխատավարձերը։ Ուրիշները, թե ընդդիմության հավանական թեկնածուներն իրենց սրտով չեն. «Դղյակները, որ Սերժ Սարգսյանը, Քոչարյանը սարքում էին, էտ խի՞ չէին տալիս, էտ զենքն առնում, որ հմի էլ պատերազմի վախտ չպարտվեին, խի՞ էին լափելուց ղրաղ ելել սաղ»:

«Քոչարյանին ու Սերժին մինչև ասպարեզից չհանեն, դրանց հարցը լուծեն, կներեք, երկիրը չի դզվելու: Կգնայիր, Ծառուկյանին կասեիր` էտ միլիոնները, որ ծախսում ես, յանի ժամ ես շինում, տոպրակով մակարոն ես տալիս, էտ փողին կտանեիր, մի հատ լավ ռակետ կառնեիր, ռակետով Բաքուն կջնջեիր», - մյուսի կարծիքն է:

72-ամյա զրուցակիցս, որ չցանկացավ ներկայանալ, ասաց` երկրաշարժից ավերված Սպիտակի բնակիչ է։ Իր բազմանդամ ընտանիքով 32 տարի երկաթե տնակում է ապրել։ Միայն անցած տարի՝ Փաշինյանի օրոք է տուն ստացել պետությունից։ Թեև կորցրած երեք սենյականոցի փոխարեն մեկ սենյակ է ստացել։ Ասում է՝ երբևէ տուն ստանալու հույսը վաղուց կորցրել էր. «Մեր հայերն իրար բռնած չեն, քան ցույցի ա դուրս գալիս, թող ասի` Փաշինյա՛ն, արի, տենանք` ինչ ենք անում, ո՞նց անենք, որ մեր սխալը ճշտենք, ոչ թե դուրս գա ցույցի, իսկ իր տղեն հրե, եսիմ ինչ ավտոքեր ա քշում, իսկ իմ թռչված եթիմ երկու երեխան գնացին, վիրավորվեցին, եկան: Ո՞ւմ ի՞նչ պետքն է: Իմ երեխեքը Ղարաբաղից են փախել, եկել, 23 տարի գնացին, տուն ու տեղ դրեցին, եկան, էսօր մի սենյակիս վրա նստեցին էտ 7 շունչը:

Էն որ կերել, պրծել են, նրանք են մեղավոր (պատերազմի համար)»:

Վանաձորցի Կարինե Ալեքսանյանի համար մայրաքաղաքում չդադարող բողոքի ակցիաներն անհասկանալի են։ Ասում է՝ ողբերգական պատերազմ ապրած երկրի փողոցներում պաշտոնի համար կռիվ տվողների պայքարին երբեք չի միանա. «Էտ հրապարակում կանգնած մեկին ասա` դու վիստ ունե՞ս քո սրտում, եթե նա վիշտ ունենար, դժվար թե դուրս գար հրապարակ»:

XS
SM
MD
LG