Պաշտպանության նախարարությունը հերքում է Նախիջևանի հետ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների մասին տեղեկությունը:
«Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղրդագրությունում:
Նախարարության փոխանցմամբ՝ փետրվարի 24-ին և 25-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: