Սահմանադրական կարգը տապալելու և շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործով այսօրվա դատական նիստը կարճ տևեց։
Սկզբում 2008-ին պաշտպանության փոխնախարար, սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց հետաձգել նիստը նրա առողջական խնդրի պատճառով և առաջարկեց իր միջնորդությունը փակ դռների հետևում քննել՝ պատճառաբանելով, որ խոսքը վերաբերում է բժշկական տեղեկություններին։
Դռնփակ նիստում, սակայն, Աննա Դանիբեկյանը մերժեց Խաչատուրովի պաշտպանին և հայտարարեց, որ պատրաստվում են քննել մյուս ամբաստանյալի՝ 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի միջնորդությունը։ Բայց Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնությունը ժամանեց։ 68-ամյա Խաչատուրովը դատավորի հարցերին պատասխանելիս ասաց՝ զարկերակային ճնշումը բարձրացել է և լավ չի զգում։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել. «Հաշվի առնելով, որ այդպիսի տեղեկություններ ստացվել են նաև շտապօգնության բժշկի կողմից, դատարանը գտնում է, որ նման պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը և որոշեց դատական նիստը հետաձգել»:
Մինչդեռ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տարակուսեց՝ երբ պետք է քննեն իրենց միջնորդությունը, դատավորը, սակայն, հայտարարեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա մյուս երեքշաբթի։
«Ազատության» հետ զրույցում սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մեղադրվող Գևորգյանի պաշտպանն ասաց՝ Արմեն Գևորգյանը փետրվարի 18-20-ը Ռուսաստանում աշխատանքային հանդիպում ունի իր բիզնես-գործընկերների հետ։
«Միջնորդությունը վերաբերում էր նրան, որ մենք խնդրել էինք դատարանին ամսի 18-ից մինչև ամսի 20-ը թույլատրի, որպեսզի պարոն Գևորգյանը մեկնի այլ տեղանք, մասնավորապես, խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Նիժնի Նովգորոդի մասին», - նշեց փաստաբանը:
Հարցը քննարկելու համար Էրիկ Ալեքսանյանը դատական նիստի ավարտից հետո դիմում ներկայացրեց դատավորին՝ խնդրելով թեկուզ վաղն արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու Արմեն Գևորգյանի մի քանի օրով Հայաստանը լքելու հարցը։
«Առավելագույնը վաղը պետք է որոշում կայացնի դրա վերաբերյալ: Ես ավելին ասեմ՝ մենք ինչո՞ւ ենք ասում, որ այդ հարցը պետք է հրատապ լուծվի, քանի որ COVID-19-ի թեստ պետք է հանձնվի, պետք է նաև հաստատենք՝ կարող ենք այդ համապատասխան գործողություններին ՌԴ-ում նախատեսվող մասնակցել, թե ոչ: Այսինքն համապատասխան այդ գործողությունները կատարելու համար ժամանակ է պահանջվում, քիչ չէ այդ հարցը քիչ առաջ չի քննարկվել: Էլի եմ կրկնում, այո, օբյեկտիվ պատճառով դատական նիստը հետաձգվեց, բայց նաև կա ընթացակարգ, այսպես ասած, պրակտիկա ձևավորված, որ նաև նման պայմաններում, երբ որ խոսքը գնում է, այսպես ասած, ֆորսմաժորային իրավիճակի մասին, հրատապ հարցերի մասին և անձի իրավունքի մասին է խոսքը գնում նաև, մրցակցության և հավասարության սկզբունքից ելնելով մենք պահանջեցինք մեր դիմումում, որպեսզի արտահերթ դատական նիստը հրավիրվի՝ մեղադրանքի կողմի մասնակցությամբ, մենք որևէ խնդիր չունենք», - ասաց Ալեքսանյանը:
Երեկոյան արդեն փաստաբանը տեղեկացրեց՝ դատավոր Աննա Դանիբեկյանը պատասխանել է, որ վաղը նիստ չի կարող անցկացնել։
10-ը մարդու մահվան պատճառ դարձած 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով դատավարությունը մեկնարկից մոտ երկու տարի անց էլ չի մտել բուն դատաքննության փուլ։