Մատչելիության հղումներ

Թաթոյանն առաջարկում է լրատվամիջոցներին առնչվող նախագծում «անանուն աղբյուր» եզրույթը փոխարինել «չնույնականացված աղբյուր»-ով


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շարունակում են աշխատել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունների վրա, որոնցից մեկով մասնավորապես կարգելվի անանուն աղբյուրին հղում տալը, իսկ լրատվամիջոցն էլ պարտավորված կլինի տեղեկությունը մատուցելուց առաջ այն ստուգել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է նախագծի հեղինակների ու համահեղինակների հետ ու ըստ ԱԺ պաշտոնական կայքէջի՝ նշել, որ նախագծում գրված «անանուն աղբյուր» տերմինն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ, որ թերի է նաև ներկայացված նախագծի հիմնավորումը: Օմբուդսմենը նաև ընդգծել է, որ փոփոխությունները չեն բացահայտում հեղինակների իրական նպատակներն ու սխալ ըմբռնման պատճառ են դարձել։

Ազգային ժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Թաթոյանն առաջարկել է «չնույնականացված աղբյուր» բառակապակցությամբ փոխարինել «անանուն աղբյուր» եզրույթը։ Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է՝ իրենց նպատակն այն է, որ լրատվամիջոցները հնչեղություն չտան ու չտարածեն անհայտ ծագում ունեցող աղբյուրներում տեղ գտած ինֆորմացիան։

«Ազատության» հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց՝ պաշտպանի առաջարկը լսել են, քննարկում են նաև «անանուն եզրույթը» փոխելու այլ տարբերակներ։ Նախագծի հեղինակը պնդեց՝ իրենք չեն պատրաստվում ստիպել լրատվամիջոցին բացահայտել իր անանուն աղբյուրը, այլ՝ «պայմանական օրինակ բերենք՝ գրում է ինչ-որ տեղեկատվություն և մեր լրատվամիջոցները վերցնում են այդ տեղեկատվությունը, դնում են իրենց մոտ, գրում են ինչ-որ մի վերնագիր, օրինակ, «Ադրբեջանցիները քեֆ են անում Երևանում» և կողքը գրում են՝ կետ Grich.am, այսինքն հստակ արձանագրվում է, որ այդ լուրի ստեղծողը Grich.am-ն է, պատասխանատվության սուբյեկտը ևս grich.am-ն է, և մենք այդպիսով կորցնում ենք պատասխանատվության սուբյեկտին, քանի որ լրատվամիջոցը հղում է արել մի բանի վրա, որն իրականության մեջ գոյություն չունի: Մենք ասում ենք, եթե դուք տեսել եք այդ տեղեկատվությունը որևէ տեղ, որպես լրագրողներ կատարել եք ձեր առաջնային մասնագիտական պարտականությունը՝ ստուգել եք այդ տեղեկատվության իսկությունը նաև այլ աղբյուրներից և գտնում եք, որ դա այնքան կարևոր է, որ պետք է մատուցեք հանրությանը, վերցրեք այդ բովանդակությունը և մատուցեք ձեր անունից, առանց հղում անելու մի աղբյուրի վրա, որի ծագումնաբանության մասին որևէ մեկը պատկերացում չունի»:

«Անանուն աղբյուր» կամ «չնույնականացված աղբյուր», բառակապակցությունների փոփոխությունով նախագծում առկա խնդիրները չեն փոխվում, կարծում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանը։ Ըստ նրա՝ եթե լրագրողն օգտագործում է չնույնականացված աղբյուրի տեսանյութը, լուսանկարը, կամ հոդվածը և չի նշում դրա անունը՝ ինքնին հեղինակային իրավունքի խախտում է թույլ տալիս, այս դեպքում լրագրողն ի՞նչ անի։ Մեդիա փորձագետի խոսքով՝ եղել են նախադեպեր, երբ լրատվամիջոցը հրապարակել է չնույնականացվող աղբյուրի տեղեկությունը, դատարանն էլ չի կարողացել պարզել աղբյուրի իսկությունը, հետևաբար պատասխանատվության բեռն այսպես թե այնպես մնացել է այդ տեղեկությունը հրապարակող լրատվամիջոցի կամ լրագրողի վրա։ Այսինքն՝ սա հենց այն է, ինչ ասում են նախագծի հեղինակներն ու դա արդեն կարգավորված է։

Այս դեպքում, ըստ Գեղամ Վարդանյանի, անհասկանալի է փոփոխությունների այս կետի կարևորությունը, քննարկման արժանի այլ կետեր կան՝ պնդեց նա. «Այդ նախագծում հատկապես այդ կետն ամենաշատն է քննարկվում, բայց մինչ այդ նախաձեռնությունն ընդհանուր կարելի էր ավելի բովանդակային քննարկել և ուրիշ կետեր քննարկել, որոնք գուցե օգտակար կարող էին լինել: Արհեստական սահմանափակումն ընդհանրապես չի նպաստում, որ քննարկվի Հայաստանի մեդիադաշտում աղբյուրների օգտագործման հարցը, բայց քննարկումը տանում է մի ուրիշ ոչ մի տեղ չտանող տեղ, որը ընդհանրապես հարց չի լուծելու»:

Մեդիափորձագետները հակված են կարծել, որ իշխող ուժն ուղղակի փորձում է սահմանափակել մամուլի ազատությունը, պատասխանն էլ հետևյալն է՝ դա իրականությանը չի համապատասխանում։ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկով հանդես եկողներից իմ քայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն «Ազատությանն» ասաց, որ առաջիկայում ևս մեկ հանդիպում կունենան մեդիափորձագետների հետ։

XS
SM
MD
LG