Մատչելիության հղումներ

Մեղրիի համայնքապետը «չի հասկանում» առաջադրված մեղադրանքը


Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։

Ըստ Սյունիքի մարզի դատախազ Սեդրակ Բեսալյանի, նա սկզբում Ագարակի, ապա Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում համայնքային բյուջեին 3 միլիոն 692 հազար դրամի վնաս է հասցրել. - «Պարտավոր լինելով կանխել, կասեցնել կամ վերացնել ապօրինի հողօգտագործումը, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով, որի հետևանքով պետության պատճառվել է գույքային վնաս։ Այս արարքը մեղավորությամբ կատարելու համար իմ կողմից որոշում է կայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»։

Դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ագարակի մի բնակչուհի 13 տարի առաջ համայնքապետարանի մրցույթով գյուղնշանակության հող է վարձակալել տարեկան 18 հազար դրամ վարձավճարով, ապա տարածքը ենթավարձակալության է տվել «ԱրմենՏել»-ին՝ արդեն տարեկան 600 հազար դրամով։ Ըստ դատախազության, հողի նպատակային նշանակությունը չի փոխվել ու ապօրինի կառուցվել է շարժական կապի բջջային կայան, իսկ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը, փոխանակ այդ քաղաքացու հետ պայմանագիրը խզի, նրա հետ կնքել է համաձայնագիր վարձավճարը 18 հազարից 300 հազար դարձնելու վերաբերյալ։

«Համայնքնի անունից պետք է խզեր պայմանագիրը, քանի որ տեղի է ունեցել պայմանագրի կետերի կոպիտ խախտում», - ասաց Սեդրակ Բեսալյանը։

Համայնքապետ Մխիթար Զաքարյանը այս մեղադրանքն աբսուրդ է համարում, իրավաբաններին է դիմել՝ հասկանալու մեղադրանքի էությունը, չի ստացվել։ Այսօր նույն նպատակով դատախազություն է դիմել։

«Ես չեմ հասկանում հանցակազմը ինչի մասին ա խոսքը։ Իրանք էլ չեն կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն տալ», - «Ազատությանն» ասաց նա։

Ըստ Զաքարյանի, մինչև իր ընտրվելը Ագարակի այդ բնակչուհին արդեն տարեկան 16 հազարով կնքել էր պայմանագիր ու հողը «ԱրմենՏել»-ին տվել 600 հազար դրամով։ Ինքը պարզապես այդ 16 հազարը դարձրել է 300 հազար, քանի որ բջջային կապի մյուս օպերատորները՝ «Վիվասել»-ն ու «Յուքոմ»-ը, համայնքում նույն վարձավճարով էին տարածք վարձակալել, ապահովել է հավասարություն։

«Համայնքապետը 16 հազարով ինքը տալիս ա վարձակալության և մի ամսվա ընթացքում գնում համաձայնություն տալիս, որ վերավարձակալության տան 600 հազար դրամով։ Էդ ակնհայտը չեն նկատում, ոչինչ էլի, դա նորմալ ա, իրանց չի քննադատում, դրա համար ոչինչ, որ արել ա։ Բայց որ ես էդ 16-ը բերել եմ սարքել 300 հազար, ինձ ասում են՝ ինչի՞ չես 600 հազար սարքել», - տարակուսում է Մխիթար Զաքարյանը։

Նրա խոսքով, «ԱրմենՏել»-ը համայնքապետարանի հետ ուղիղ պայմանագիր կնքելու առաջարկը չի ընդունել, նախընտրել է բնակչուհուն տարեկան 600 հազար տալ, ոչ թե 300 հազար համայնքապետարանին։

Մխիթար Զաքարյանը շարունակում է չհասկանալ՝ մեղավոր է վնաս պատճառելո՞ւ, թե՞ ապօրինի հողօգտգործման պայմանագիրը չխզելու համար։ Որովհետև, ասում է, եթե պայմանագիրը խզեի՝ համայնքն ավելի մեծ վնաս կկրեր․ - «Թող կողմնորոշվի։ Ինքը հիմա հողի կատեգորիայի օրինականությո՞ւնն ա ստուգում, թե՞ համայնքին պատճառած վնասը։ Հիմքում պատճառած վնասն ա»։

Մեղրիի համայնքապետն այժմ մեղադրյալ է, խափանման միջոցը չորս միլիոն դրամ գրավն է, որը, ասաց, այսօր կվճարի։

Ասաց նաև, որ ավելի վաղ իրեն առաջարկել են վնասի չափը վճարել ու փակել հարցը, բայց ինքը չի համաձայնել։ Նա վստահ է, որ գործը կկարճվի, իրենից ներողություն կխնդրեն։

Այսօր տարբեր քրեական գործերով են անցնում նաև Սյունիքի մյուս համայնքապետերը։ Գորիսի քաղաքապետի դեմ 7 քրեական գործ կա՝ ապօրինի ձեռննարկատիրությունից մինչև ապօրինի հավաքների անցկացում։ Քաջարանի քաղաքապետը առևանգման գործով է անցնում։

Հիշեցնեմ, Սյունիքի բոլոր խոշոր համայքնների ղեկավարները եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի ու կառավարության հրաժարականն էին պահանջել։

Մեղրիի մեղադրյալ քաղաքապետը չի շտապում այս ամենին քաղաքական երանգ տալ։ Ասում է՝ փաստեր չունի, գուցե դատախազությո՞ւնն է արջի ծառայություն մատուցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG