Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարված և 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթելով` վարձակալության իրավունքով, տարեկան 18 հազար դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական սահմանների հարավային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսական 50 հազար դրամ /տարեկան 600․ հազար դրամ/ վարձավճարով և վերջինիս վրա ընկերությունը, հողի նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:
Ըստ դատախազության, 2008-ի նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016-ի սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն, 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18 հազար դրամի փոխարեն սահմանվել է 300 հազար դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:
Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7 միլիոն 350 հազար դրամի փոխարեն վճարվել է 3 միլիոն 657 հազար 500 դրամ, ինչն, ինչպես դատախազությունն է նշում, առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3 միլիոն 692 հազար 500 դրամ:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):