Մատչելիության հղումներ

«Մեզ ասում են՝ կեղծ ընդդիմություն եք, ես չեմ ուզում կեղծի պիտակը ճակատիս դակեմ». Գևորգ Պետրոսjանը՝ ԲՀԿ-ն լքելու մասին


Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնաբնակներից պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լքել է խմբակցությունը։ Ծառուկյանի գլխավորած ուժի քաղաքական կեցվածքից դժգոհ է։

Եթե ընդդիմադիր ես, պետք է սուր քննադատես, ասում է պատգամավորը․ - «Կա սկզբունք, որ ընդդիմադիր պատգամավորը պետք է ընդդիմադիր գործունեություն ծավալի։ Եվ եթե ստեղծվում է իրավիճակ, որ դու քո ընդդիմադիր գործունեությունը սկսում ես ձևական ծավալել և չանել այն, ինչ կարող ես անել ըստ ամենայնի, այդ ժամանակ արդեն պետք է նայես․ կա՛մ դու պետք է մնաս էդ կարգավիճակում, կա՛մ ընդհանրապես լքես էդ կարգավիճակը»։

Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է, թե ինքնակամ է որոշել լքել կուսակցությունը, Ծառուկյանին տեղյակ չի պահել, նրա հետ որևէ անձնական տարաձայնություն չունի։ Տարաձայնությունները սկզբունքային հարցերի շուրջ են։

Օրինակ, նա դժգոհում է, որ ԲՀԿ-ն մի կողմից Փաշինյանի հրաժարականն է պահանջում, նրան համարում անվստահելի, մյուս կողմից՝ Ազգային ժողովում մասնակցում նրա հետ հարցուպատասխանին․ - «Եթե դուք տվյալ կառավարությանը համարում եք անվստահելի, դուք ինչի՞ եք գնում իրանց հետ հարցուպատասխանի․․․»

Ինքը վճռական գնահատակններ տալու կողմնակից է, իսկ դա նախկին թիմակիցների սրտով չէ։ Փողոցում էլ ակտիվ չեն, դժգոհում է պատգամավորը։ Միացել են Փաշինյանի դեմ պայքարող շարժմանը, բայց հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին ոչ բոլորն են մասնակցում․ - «Գնում էի, ինձ ամոթանք էին տալիս, ասում էին՝ ո՞ւր ա ձեր կուսակցությունը, ինչի՞ էս միտինգին չի մասնակցում, բա ձեր ղեկավարը էսքան մարդ ունի, էսքան աշխատող ունի, բա դուք ինչի՞ չկաք ստեղ։ Ես ի՞նչ պատասխանեմ․․․ Հետևաբար մեզ մեղադրում են, ասում են դուք կեղծ ընդդիմություն եք։ Ես չեմ ուզում էդ կեղծի պիտակը իմ ճակատին դակեմ»։

Գևորգ Պետրոսյանին դուր չի գալիս քաղաքական հակառակորդների նկատմամբ ԲՀԿ-ականների մեղմությունը, ինքը, ասում է, պատկերավոր բառապաշարի սիրահար է․ - «Ես խիստ եմ խոսում։ Ես մի քիչ պատկերավոր համեմատությունների սիրահար եմ, մեկ-մեկ ասում եմ «արա, այ տղա»․․․ էս բաները երևի ինչ-որ վրդովմունքի, խանգարմունքի մեջ են գցել Նիկոլ Փաշինյանին»։

Պետորսյանն իր «պատկերավոր» բառապաշարի պատճառով հաճախ է Ազգային ժողովում սկանդալների կիզակետում հայտնվում։ Կուսակցությունից էլ, պարզվում է, այդ ելույթներից առանձնապես ոգևորված չեն եղել․ - «Ինձ միշտ ասում են՝ ինչի՞ սենց ասիր, դու սրանով վտանգի տակ դրիր․․․ Ես ձեզ վտանգի տակ դրի, հիմա գնացեք, ինչ ուզում եք խոսացեք։ Ես սրանից հետո միայն իմ արտահայտությունների պատասխանատուն եմ»։

Գևորգ Պետրոսյանին վրդովվեցրել է ոչ միայն քաղաքական հակառակորդների նկատմամբ նախկին թիմակիցների մեղմությունը, այլև իրեն զսպաշապիկ հագցնելու փորձերը։ Ասում է՝ զսպող քայլ արել է նաև իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը․ ԲՀԿ-ին է բողոքել, թե Պետրոսյանն իր կոշտ ելույթներով անցնում է կարմիր գծերը։ ԲՀԿ-ի արձագանքը համարժեք չի եղել։ Սա էլ կուսակցությունը լքելու հարցում վճռական դեր է ունեցել․ - «Քանի որ դրան չի եղել պատշաճ արձագանք, ես ինքս որոշել եմ դուրս գալ խմբակցությունից»։

Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, թե Գևորգ Պետրոսյանը միակը չէ, էլի կլինեն «Բարգավաճ Հայաստանից» հեռացողներ։ Միքայել Մելքումյանի ու Նաիրա Զոհրաբյանի անուններն են նշվում, և, ըստ մամուլի, պատճառն այն է, որ Ծառուկյանը ընտրություններին փորձում է նոր թեկնածուների ցուցակով մասնակցել։

Նաիրա Զոհրաբյանը չարձագանքեց զանգերին, Մելքումյանն էլ ասաց, թե կուսակցությունը լքելու պատճառ չունի․ - «Ոչ, անհնար ա։ Որովհետև դրա որևէ հիմք չկա։ Ես վաղուց եմ ասել, տարիներ առաջ, որ դուրս չեմ գալու։ Ես ուղղակի զարմանում եմ, իսկ ձեզ ո՞վ ա ասել, որ ես պետք է դուրս գամ»։

Չնայած Գևորգ Պետորսյանի մեղադրանքներին, ԲՀԿ-ից մեղմ են արձագանքում նրա քայլին։ Մինչդեռ երբ Սերգեյ Բագրատյանն էր հեռացել ու մանդատը պահել, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը նրա բարոյական կերպարին շատ կոշտ էր անդրադարձել։

Տոնոյանը հայտարարել է, թե Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումից են տեղեկացել նրա հեռանալու մասին։ Խմբակցության համար, այդ թվում Ծառուկյանի, որոշումն անակնկալ է եղել։ Տոնոյանը վստահեցրել է, թե որևէ քննարկում չի նախորդել այդ որոշմանը։

«Ոչ մեկի հետ չեմ քննարկել, և ես այդպիսի բարոյական պարտականություն չունեի», - ասաց Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում է 2006 թվականից։ Նախկինում էլի է լքել կուսակցությունը։ Պատգամավոր է 2017-ից։

XS
SM
MD
LG