BBC-ի ռուսական ծառայությունն այսօր հրապարակել է «Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի զեկույցը փետրվարի սկզբին Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որում դե Վաալը ներկայացրել է դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և հումանիտար խնդիրները, որոնք մնացել են չկարգավորված պատերազմից հետո:
Զեկույցի հեղինակը, մասնավորապես, գրում է, որ Ղարաբաղի համար պատերազմն ավարտվեց երեք ամիս առաջ, հաղթողն ու պարտվողը փոխվեցին տեղերով, սակայն հակամարտությունը կարգավորված չէ. ադրբեջանցիների և հայերի միջև թշնամանքը շարունակվում է, իսկ Ռուսաստանը կանգնած է դժվար ընտրության առջև։
Դե Վաալը պնդում է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարը վերջ չի տվել հակամարտությանը, իսկ եռակողմ հայտարարության կարճ տեքստը կողմերը տարբեր ձևով են մեկնաբանում։ Օրինակ, ինչ վերաբերում է հայկական զորքերը Ղարաբաղից դուրս հանելու դրույթին, Երևանը համարում է, որ սա վերաբերում է բացառապես այն շրջաններին, որ անցել են ադրբեջանցիներին, Բաքուն` հակառակը` հայտարարում է, որ հայկական ուժերը պետք է դուրս գան ամբողջ Ղարաբաղի տարածքից, այդ թվում` հայկական կողմին մնացած շրջաններից, ավելին՝ հայաստանյան պաշտոնյաները Ղարաբաղ այցելելուց առաջ պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանի իշխանություններից։
Զեկույցում նշված է նաև, որ չկա փոխըմբռնում Բաքվի և Հայաստանի միջև գերիների վերադարձի հարցում։
Ալիևի, Փաշինյանի և Պուտինի ստորագրած համաձայնագրի կետերից մեկը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի մասին է։ Երեք ամիս անց, սակայն, այս թեման մնում է ցավոտ խնդիր: Տասնյակ, իսկ որոշ գնահատականներով՝ 100-ից ավելի հայ գերիներ մնում են Ադրբեջանում, և անհայտ (բայց ոչ մեծ) թվով ադրբեջանցիներ դեռ գտնվում են հայկական գերության մեջ։ Ավելին` 60-ից ավելի հայեր գերի են վերցվել արդեն պատերազմի ավարտից հետո, և Բաքվում ցանկանում են նրանց դատել որպես հանցագործների, այլ ոչ թե վերադարձնել որպես ռազմագերիների, նշված է զեկույցում։
Հեղինակը անդրադառնում է նաև Թուրքիայի դերին` շեշտելով, թե նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորում Թուրքիայի դերը Ղարաբաղում, սակայն վերջին մեկ տարում նա դարձել է տարածաշրջանային գործընթացների առանցքային մասնակից։ Թուրքական ռազմական տեխնիկան, առաջին հերթին հարվածային անօդաչու սարքերը, կարևոր դեր են խաղացել մարտադաշտում Ադրբեջանի հաղթանակի գործում, ասվում է զեկույցում: Նշվում է` բայց Անկարան նաև հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացին՝ խիստ քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այսօր Թուրքիան միայն սահմանափակ դեր է ստացել Ռուսաստանի հետ Աղդամի մոտ համատեղ մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում։ Ռուսաստանի հետ պայմանագրի համաձայն՝ թուրք զինվորականները չեն լքում կենտրոնը և զինադադարին հետևում են անօդաչու թռչող սարքերի տեսանյութերով:
Զեկույցում կա մտահոգություն ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական միջնադարյան քրիստոնյա մշակութային հուշարձանների ճակատագրի հետ կապված։ Դե Վաալը գրում է, որ կա վտանգ, որ ադրբեջանական կողմին անցած տարածքներում պարզապես չի մնա հայկական հետք։
Զեկույցի հեղինակը նաև արձանագրում է, որ Մինսկի խումբը կորցրել է իր հեղինակությունը, և իրական ազդեցություն այսօր Ղարաբաղում ունի միայն Ռուսաստանը: Դե Վաալը նշում է նաև, որ Միացյալ Նահանգները բավականին պասիվ է Ղարաբաղում, իսկ Ֆրանսիան չի ընկալվում որպես չեզոք միջնորդ Ադրբեջանում: