Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը։ Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակել են քննարկումները «Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում»։
«Նկատի է առնվել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով՝ Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։ Կողմերը գոհունակություն են հայտնել կրակի դադարեցման դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեության մեկնարկի առթիվ», - նշված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։