Մատչելիության հղումներ

Կառավարությունը 470 միլիոն դրամ հատկացրեց՝ Շուռնուխում նոր թաղամաս կառուցելու նպատակով


470 միլիոն դրամ կհատկացվի Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով․ գործադիրը որոշումն այսօր կայացրեց։

«Մեկնարկել են նշահարման և նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների տեղակապաման և շինարարական աշխատանքները: Յուրաքանչյուր բնակելի տան հետ միասին, զուգահեռ կիրակացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները: Աշխատանքները կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարվերեջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացը», - ասել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը:

Կոմիտեի նախագահը նաև հայտնել է, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում. - «Առաջին փուլում 2021թ.-ին նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով բոլոր ենթակառուցվածքները՝ 2022թ. ընթացքում: Եվ երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է նաև անհրաժեշտություն լինի, հասարակական և գյուղարտադրական նշանակության որոշ կառույցների և շենքերի շինարարության հարցեր առաջ քաշվեն: Դրանք կլինեն 2022-2023 թթ. ընթացքում: Առաջին երկու փուլերի գնահատականը, ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով կկազմի մոտ 700 մլն դրամ»:

Վարչապետը հետաքրքրվել է նաև Տավուշում իրականացվող ծրագրերից

Զեկուցվել է, որ Այգեպարում աշխատանքները գտնվում են ավարտման փուլում, առաջիկայում կավարտվեն նաև Չինարիիում կառուցվող տան շինաշխատանքները: Նշվել է նաև, որ որոշ խնդիրներ են առաջացել Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման հետ կապված: Փաշինյանը նշել է, որ պետք է գնալ, լուծել հարցը և զեկուցել, որ ամեն ինչ արված է։

«Այսինքն՝ գումարը տրված է, տունը գնված է, պայմանավորվածությունները ձեռք բերված են, նախագիծը հաստատված է, շինարարը կա, գյուղացիներն ուզում են, որ պուրակը լինի, բայց գործն առաջ չի գնացել», - եզրափակել է կառավարության ղեկավարը:

XS
SM
MD
LG