Արցախի նախագահը փետրվարի 12-ին առաջին անգամ հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։ Ներկա են եղել նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
«Ավելին ասել չեմ կարող։ Հանդիպումը տեղի է ունեցել այն տարածքում, որը այս պահին ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Հարցին, թե ադրբեջանական կողմից ով է մասնակցել հանդիպմանը, Լուսինե Ավանեսյանն արձագանքեց․ - «Այդ ինֆորմացիան հրապարակելու իրավասությունը արդեն ադրբեջանական կողմինն է, մենք հրապարակել ենք, թե ով է եղել մեր կողմից»։
Քառակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող Ադրբեջանի քաղաքացիների ճակատագիրը պարզելուն վերաբերող հարցեր։ Ավելին, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ երկրի Զինվորական դատախազության ներկայացուցիչների, Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և Պաթոլոգիական անատոմիայի ասոցիացիայի մասնակցությամբ անցկացված միջոցառումների արդյունքում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Շուշի քաղաքի մերձակայքում Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած համարվող 7 քաղաքացիների աճյուններ։ Աշխատանքներ են տարվում մնացորդները իդենտիֆիկացնելու ուղղությամբ։
Արցախի նախագահի մամուլի խոսնակը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրը, միայն նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում։
Ինչ վերաբերում է հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, Լուսինե Ավանեսյանը մանրամասներ չներկայացրեց. - «Համենայն դեպս, եթե ինչ-որ հստակություն էլ կա, նպատակահարմար չենք գտնում դա հրապարակել, քանի որ թեման ինքնին շատ նուրբ է, և ցանկացած ոչ ճիշտ մեկնաբանություն կամ ոչ պատշաճ տեղեկատվություն կարող է ազդել ամբողջ գործընթացի վրա, երբեմն՝ ոչ դրական իմաստով»։
Երեկ ադրբեջանական կողմի հետ ևս մեկ հանդիպում էլ է տեղի ունեցել։ Այս անգամ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Քննարկման հիմքում եղել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն է՝ տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, ինչպես նաև հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը, համաձայն որոնց՝ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբի համանախագահները պետք է հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, ինչպես նաև աշխատանքային խումբը մինչև մարտի 1-ը ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց:
«Հայաստանի համար դրական կողմերը շատ չեն»
Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ինչ կտա Հայաստանին՝ հարցը միանշանակ չի մեկնաբանվում։ Բեռնափոխադրումների ոլորտի մասնագետը այն շահավետ չի համարում։
«Հայաստանին դեռևս այլընտրանք, քան Վերին Լարսն է, Ադրբեջանը չի կարող առաջարկել, որովհետև ինքնարժեքի բավական մեծ բարձրացում է նկատվելու, եթե, օրինակ, ենթադրենք՝ հայկական մեքենաները գնալու են Ադրբեջանով Ռուսաստան կամ այլ երկիր։ Ադրբեջանի տարածքը տարանցիկ օգտագործելը մեր վրա ավելի թանկ է նստելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց բեռնափոխադրումների ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանը։
Տնտեսագետ Հրանտ Միքայելը ևս գտնում է, որ Հայաստանի համար դրական կողմերը շատ չեն։ «Եթե դա լինի լիարժեք ապաշրջափակում, ապա այդ թվում, օրինակ, չգիտեմ, Ղազախի երկաթգիծը, Ղազախի ուղղությամբ, Ղարսի ուղղությամբ երկաթգիծը՝ սա կարող է ուրիշ տեսք ունենալ, ուրիշ ձևաչափ ունենալ և ուրիշ օգուտ բերել։ Եվ բացի այդ, իհարկե, աբխազական երկաթուղին, որի մասին ևս վերջերս խոսակցություն կա», - ընդգծեց Միքայելյանը։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, թեև կասկածներ ունի, որ ապաշրջափակման ծրագիրն ավարտին կհասցվի, այդուհանդերձ քաղաքականության տեսանկյունից այն ավելի շատ ձեռնտու է համարում Ադրբեջանի համար։ «Եթե խոսքը Մեղրիով անցնող ճանապարհի կառուցման մասին է, Հայաստանի համար դրական կողմերի մասին դժվարանում եմ խոսել։ Սա շարունակությունն է բավականին երկար ժամանակ իրականացվող այն օպերացիայի, համաձայն որի Հայաստանը դադարելու է լինել երկաթուղային հանգույց։ Չմոռանանք, որ ճանապարհ է կառուցվում նաև Ադրբեջանից Իրան, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը մեկուսացվում է», - նշեց Իսկանդարյանը։
Մասնագետները նաև անհավասար պայմաններն են մատնանշում՝ Ադրբեջանը վերահսկելու է իր տարածքում գտնվող ճանապարհը, իսկ Հայաստանում վերահսկելու է ռուսական կողմը։ Ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ապա, ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, մոտ 500 միլիոն դոլար կպահանջվի Արցախի և Սյունիքի հարավում երկաթգիծը վերականգնելու համար։