«Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց, - ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, գրել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ ընդգծելով՝ լավ է, որ պարոն Սարգսյանը սա կրկին հաստատեց։
Բայց, ըստ Ռուբինյանի, այստեղ երկու հարց է առաջ գալիս՝ ինչու՞ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել (տարածքների վերադարձ), և ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին այժմ մեղադրում է տարածքներ հանձնելու, թե՞ չհանձնելու մեջ։
«Ամբողջ բանակցային գործընթացի և պատերազմի սկսման հանգամանքների վերլուծության շուրջ բանավեճի համար կարևոր է հատկապես երկրորդ հարցի պատասխանը, որովհետև, համաձայնեք, անհնար է միաժամանակ ներկայացնել երկու իրարամերժ մեղադրանք և, առավել ևս, միաժամանակ հակադարձել դրանց։ Այլ կերպ ասած՝ չի կարող իրապես բովանդակային բանավեճ սկիզբ առնել, պատկերավոր ասած, «հողատու, ինչու՞ չհանձնեցիր հողերը» ինքնահակասող մեղադրանքից», - գրել է Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ նախկինում քննարկված տարբերակներին։