Գեղարքունիքի մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցվել է հանցագործությունների նվազում 2,9 տոկոսով (2019թ.՝ 1066, իսկ 2020թ.՝ 1035 դեպք), հաղորդում է գլխավոր դատախազությունը:
2019թ.-ին մարզի տարածքում սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 3 դեպք:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 57-ով կամ 15 տոկոսով, հատկանշական է, որ 2020թ. բնակարանային գողությունները նվազել են 37,8 տոկոսով, ընդ որում՝ այս հանցատեսակով բացահայտումը էականորեն բարելավվել է՝ կազմելով 40,3 տոկոս՝ 2019թ.-ի 13,8 տոկոսի դիմաց:
Մարզի տարածքում ևս էականորեն՝ 25-ով կամ 35,7 տոկոսով ավելացել են հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը.
Ընդհանուր առմամբ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 127 դեպքի 62,2 տոկոսը բացահայտվել է:
Դատախազությունից նաև փոխանցում են, որ նախորդ տարվա ընթացքում հարուցվել է 18 քրեական գործ՝ հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հատկանիշներով:
Այդ գործերով հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկված 62.7 միլիոն դրամ վնասից կամովին վերականգնվել է 30.2 միլիոն դրամը:
2020թ.-ին մարզի տարածքում պարզված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 71 քրեական գործ: