Մատչելիության հղումներ

Դավթյանը զինդատախազությունների հետ քննարկել է պատերազմի հանգամանքներին վերաբերող քրեական գործերի ընթացքը


Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթանը Հայաստանի զինվորական դատախազ Վահե Հարությունյանի և կայազորի զինվորական դատախազությունների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:

Քննարկվել են 2020-ի ընթացքում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի արդյունքները, 2021-ի գործունեության առաջնահերթությունները:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության, մանրամասն անդրադարձ է կատարվել կայազորների դատախազների դատավարական հսկողության և ղեկավարման ներքո գտնվող քրեական վարույթների ընթացքին, դրանց վրա պատերազմի և դրա հետևանքների թողած ազդեցությանը, դրանց հաղթահարման միջոցներին, ինչպես նաև քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի վերափոխումների համատեքստում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում հանցավորության վիճակի վերահսկելիության և այս համատեքստում զորամիավորումների ղեկավարության հետ գործակցության խնդիրները:

Գլխավոր դատախազը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերով ողջամիտ ժամկետներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունների իրականացմանը, հայ զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների ամբողջականության և լիարժեքության ապահովմանը:

Արթուր Դավթյանը շեշտել է ռազմական գործողությունների մասնակիցների, զոհված, անհետ կորած կամ ռազմագերու կարգավիճակում Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող զինծառայողների հարազատների կողմից ներկայացված պատերազմական գործողությունների տարբեր դրվագները, տարբեր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև սոցիալական հարթակներով, զարգվածային լրատվամիջոցներով հրապարակված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հանգամանքներն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ընդհանրության մեջ մանրամասն քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

Նա հանձնարարել է նշված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և քննությունների արդյունավետությունն ապահովելու նպատակով կիրառել դատախազական ներգործության՝ օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցները, հատկապես՝ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ տալու, հաղորդումներ ներկայացնելու, իրավասու մարմիններից վերաբերելի և անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները պահանջելու և ստանալու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կայազորների գործունեությանն առնչվող նաև այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG