Հիմնադրումից վեց տարի անց էլ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի հասել մինչ միության ձևավորումը եղած առանցքային ցուցանիշներին՝ անդամ երկրների միջև առևտուրը ավելի փոքր է, քան միության ստեղծումից առաջ էր, և ԵԱՏՄ-ի գոյության բոլոր վեց տարիներին այն երբեք չի գերազանցել 2014 թվականի ցուցանիշը։
Նույն արդյունքն ենք տեսնում միության արտաքին առևտրի մասով՝ այն ևս շարունակում է զիջել ԵԱՏՄ-ի ստեղծումից առաջ առկա ցուցանիշին. այստեղ էլ իրավիճակը չի փոխվել անցած վեց տարիներին՝ 2015-2020 թվականներին։
Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից ու Ղրղըզստանից բաղկացած միությունն, ինչպես հայտնի է, սկսեց գործել 2015-ի հունվարի 1-ից։ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցեց 2015-ի հունվարի 2-ին։
Այս պահին առկա են 2020 թվականի միայն առաջին 11 ամիսների տվյալները, ուստի դիտարկենք հունվար-նոյեմբեր ժամանակահատվածը։ Միության կառավարող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի համաձայն, եթե 2014-ի առաջին 11 ամիսներին անդամ պետությունների միջև առևտուրը կազմել է 56.4 միլիարդ դոլար, ապա 2015-ին՝ 41.8 միլիարդ, 2016-ին շարունակվեց անկումը՝ 38.6 միլիարդ էր, 2017-ին առևտուրն աճեց և դարձավ 49.5 միլիարդ դոլար, 2018-ին աճը շարունակվեց՝ հասավ 55.1 միլիարդ դոլարի, 2019-ի առաջին 11 ամիսներին փոխադարձ առևտուրը կազմեց 55.6 միլիարդ դոլար, և անցած տարի դարձյալ անկում՝ 49.2 միլիարդ դոլար կամ 2014-ի ցուցանիշից 12.7 տոկոսով պակաս։
Նման ցուցանիշների գլխավոր պատճառն, անշուշտ, անդամ երկրների, հատկապես առանցքային անդամի՝ Ռուսաստանի տնտեսության անմխիթարական վիճակն է։ Օրինակ, Համաշխարհային բանկի գնահատմամբ, նախորդ վեց տարիների՝ 2015-2020 թվականների ընթացքում ռուսաստանյան տնտեսությունն անկում է ապրել չորս տարի՝ 2015-ին, 2016-ին, 2019-ին, 2020-ին, և անցած տարվա արդյունքներով շարունակում է զիջել 2014-ի մակարդակին։
Ինչ վերաբերում է միության արտաքին առևտրին, ապա եթե 2014-ի հունվար-նոյեմբերին հինգ երկրների համախումբ արտաքին առևտուրը (ոչ ԵԱՏՄ անդամ երկրների հետ) կազմում էր 805 միլիարդ դոլար, ապա անցած տարվա առաջին 11 ամիսներին այն կազմել է 558.4 միլիարդ դոլար կամ 30.6 տոկոսով պակաս։
Չնայած նման ցուցանիշներին՝ Ռուսաստանի նախաձեռնած միության ղեկավարները շարունակում են հայտարարել ինտեգրացիայի հաջողված լինելու մասին, անգամ խոսում են փոխադարձ առևտրի աճից։ Այս թեմայով հաճախ արտահայտվում է հատկապես Ռուսաստանի նախագահը, օրինակ՝ անցած տարվա դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հեռավար գագաթնաժողովին։
«ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները շարունակել են հաջող կերպով զարգանալ։ Այդ մասին է վկայում որոշումների, պայմանավորվածությունների ծանրակշիռ փաթեթը, որը ներկայացվել է հաստատման՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Վստահ եմ, որ դրանց իրականացումը կնպաստի առևտրում, ներդրումներում, ընդհանուր առմամբ՝ տնտեսությունում, ֆինանսներում, արդյունաբերությունում, էներգետիկայում և այլ՝ բոլոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը։