Մատչելիության հղումներ

Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ երկրների միջև սահմանները վերանան, Ալմաթիում ասել է Փաշինյանը


Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում պետության մրցունակության, անվտանգության և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում՝ «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովի լիագումար նիստում։

Իր ելույթում մասնավորապես ընդգծելով, որ բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրներն առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում են որպես արդյունավետ և ներկայացուցչական պետական կառավարման համակարգի, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման և առաջանցիկ տնտեսական աճի ապահովման կարևորագույն գործիք:

«Բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտը մեր տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտն է: 2020 թվականին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ այն աճել է շուրջ 20 տոկոսով: 2020 թվականին այս ոլորտում աշխատողների թիվն աճել է 22 տոկոսով: Այս պահին մեր երկրում գրանցված է ավելի քան 1200 գործող ՏՏ ընկերություն: Նրանց համար նախատեսված են էական հարկային արտոնություններ` Հայաստանի կառավարության կողմից այս բնագավառում տարվող քաղաքականությանը համապատասխան», - ասել է Փաշինյանը։

Նշելով, որ համավարակը չափազանց բարդ մարտահրավերներ է առաջացրել հասարակության, բիզնեսի և կառավարության համար, և որ Հայաստանը ստիպված էր լուծել դրանք կարանտինի կամ լիակատար լոք-դաունի (արգելափակման) պայմաններում՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կիրառել է թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային կառավարման գործիքները:

«Մենք նախատեսում ենք պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում և զարգացում, ընդհանուր չափանիշների և թվային միջավայրի ստեղծում։ Կառավարությունը խրախուսում է տնտեսության մասնավոր հատվածում թվային տեխնոլոգիաների կիրառումը խթանող էլեկտրոնային գործիքների օգտագործումը», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Հայաստանում թվայնացման ներկայիս գործընթացն իրականացվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր թվային օրակարգի առկայությունը: Ստեղծվում է տվյալների բազաների միջև փոխգործողության հարթակ, որն օպտիմալացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակման գործընթացները և մեծ թվով հանրային ծառայությունների թվայնացումը»:

Ընդգծելով «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» թվային հարթակի ներդրման արդյունավետ գործարկումը, որի արդյունքում փաստացի փետրվարի 1-ից վերականգնվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև՝ Փաշինյանը նշել է, որ պետք է ակտիվ առաջ շարժվել այլ համատեղ թվային նախագծերի իրագործման ուղղությամբ՝ այդ նպատակով օգտագործելով վերազգային կառույցների և զարգացման ինստիտուտների հնարավորությունները:

«Մեր նպատակը պետք է դառնա պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լիակատար և համընդգրկուն թվայնացումը: Դրա համար պետք է օգտագործել էլեկտրոնային ծառայությունների ողջ սպեկտրը՝ բջջային հեռախոսներ, ցանցային ծառայություններ, ամպային տեխնոլոգիաներ և այդպես շարունակ: Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար: Համապատասխան բջջային հավելվածը կարող է «մեկ պատուհանում» հավաքել ԵԱՏՄ ողջ տարածքում աշխատատեղերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, հնարավորություն տալ լրացնել և ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ընտրված աշխատանքն ունենալու համար», - ասել է Հայաստանի վարչապետը։

Նշենք, որ համաժողովն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:

Ֆորումի լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա Փաշինյանը համաժողովի մասնակից մյուս երկրների կառավարությունների ղեկավարների հետ միասին ծանոթացել է թվային նախագծերի թանգարանում ներկայացված աշխատանքներին։

XS
SM
MD
LG