Մատչելիության հղումներ

Երևանի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն երթուղում է


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նստում է նոր ավտոբուսը, լուսանկարը՝ քաղաքապետարանի
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նստում է նոր ավտոբուսը, լուսանկարը՝ քաղաքապետարանի

Երևան քաղաքի ձեռք բերած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը երեկվանից սկսել է աշխատանքը՝ սպասարկելով 26 համարի երթուղին, որն Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք-Մարաշին։

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձան՝ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները:

Հաղորդագրությունում նշվում է, որ ուղևորները պետք է վճարեն նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ, իսկ եթե այդպիսիք ուղևորի մոտ առկա չեն, վարորդն սկզբնական շրջանում կարող է մանրել, «բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը»։ «Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», - նաև նշում է քաղաքապետարանը։

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:

«Տրանսպորտի ռեֆորմը բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար», - հայտարարել է Երևանի քաղաքապետը:

XS
SM
MD
LG