Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը կընդունի պաշտոնակցին Եվրամիությունից


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Այսօր Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հանդիպումը:

Եվրամիության դիվանագիտության նախորդ ղեկավարն ընդամենը մեկ անգամ է այցելել Մոսկվա՝ 2014-2020 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրած Ֆեդերիկա Մոգերինին 2017-ի ապրիլին է ուղևորվել Ռուսաստան:

Բորելը և Լավրովը պետք է քննարկեն Եվրամիության և Ռուսաստանի միջև այս տարվա մարտին նախատեսված խորհրդակցությունների թեման:

Ենթադրվում է, որ ԵՄ բարձր ներկայացուցիչը կանդրադառնա ռուս-ուկրաինական ճգնաժամին, Իրանի միջուկային ծրագրին, կորոնավիրուսի համավարակին և կլիմային:

Օրակարգում է նաև ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի թունավորման, կալանավորման և դատավարության հարցը:

Եվրամիությունն արդեն հայտնել է, որ ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է որակում Նավալնիի պայմանական ազատազրկումն իրականով փոխարինելու՝ Մոսկվայի Սիմոնովսկի դատարանի փետրվարի 2-ի որոշումը:

Ռուսական կողմը չի ընդունում մեղադրանքը: Դեռ փետրվարի 3-ին Լավրովն ասել է, թե Արևմուտքում «իսկական հիստերիա է սկսվել ապօրինի ցույցեր կազմակերպող Նավալնիի գործի շուրջ»: Նախարարն ասել է, որ Արևմուտքը պարտավոր է անաչառ լինել:

«Ես ապօրինի ցույցերին ոստիկանների արձագանքի մասին տեսագրություններն ուղարկել եմ Բրյուսել, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որ նա Մոսկվա ժամանելուց առաջ կարողանա ծանոթանալ այդ նյութերին, հասկանալ մեր տեսակետը, դժբախտաբար՝ մեր արևմտյան գործընկերները սովոր են անհիմն մեղադրանքներ ներկայացնել՝ լինի դա Սկրիպալների, լինի դա Նավալնիի այսպես կոչված թունավորման խնդիրը կամ դատարանի երեկվա որոշումը», - հայտարարել է Լավրովը:

Դեռ այցից առաջ Բորելը Բրյուսելում ասել է, որ Լավրովի հետ զրույցում անպայման կանդրադառնա Ռուսաստանում հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների իրավիճակին:

Ենթադրվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Մոսկվայում կհանդիպի քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Բորելի մոսկովյան այցը կավարտվի վաղը՝ փետրվարի 6-ին:

XS
SM
MD
LG