Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիրների, Աժ-ն լուծարելու այլ ուղիների փնտրտուքը նշանակում է՝ Փաշինյանը չի վստահում սեփական թիմին


Առանց վարչապետի հրաժարականի Ազգային ժողովը լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու գաղափարն արդեն իշխող «Իմ քայլը» խմբակցության օրակարգում է։

Այն նախագիծ կդառնա, թե չէ, իշխող խմբակցությունում դեռ քննարկում են։ Այսօրվա նիստը վերջնական դիրքորոշման համար բավարար չէր։

«Շատ նախնական քննարկում էր, խմբակցության մեծամասնությունն էստեղ չկար։ Իրոք շատ վաղ է որևէ դիրքորոշում հայտնել», - նիստից հետո ասաց պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Մտադրության մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր դեռ տարեվերջին։ Վարչապետի այս գաղափարն իրագործելու համար դարձյալ պետք է փոխեն Սահմանադրությունը։ Սահմանադրական այս փոփոխության համար էլ անհրաժեշտ է 88 պատգամավորի ձայն։ Իսկ «Իմ քայլի» շարքերը նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից հետո նոսրացել են, 88-ից 5-ը լքել է խմբակցությունը։

Վահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյան

Իշխական պատգամավոր Վահագն Հովակիմյանը խոստովանում է, որ եթե նույնիսկ բանը հասնի նախագծին, ապա առանց ընդդիմադիր խմբակցությունների աջակցության այն հնարավոր չէ իրագործել․- «88 քվեն էս դեպքում պարտադիր է։ Ներկայիս մեր խմբակցությունը ունի 83 անդամ։ Եթե այս գաղափարը հաստատվի, դառնա նախագիծ, որպեսզի նախագիծը ընդունվի, էս դեպքում ընդդիմության աջակցությունը միանշանակ է, որ անհրաժեշտ է լինելու»։

ԲՀԿ-ն իշխանությանն այս հարցով կաջակցի թե չէ, Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարել չի կարող։ Բայց պատգամավորը վստահ է՝ հետպատերազմական իրավիճակում վարչապետի լծակներով Փաշինյանը չի կարող լինել ազատ արդար ընտրությունների երաշխավորը․ - «Եթե Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մտավախություն և, ինչպես ինքն էր ասում Ազգային ժողովում, ինքը շարունակում է ունենալ, ընդդիմություն չունի, բայց ինքը ունի, հանրային վստահություն, ապա ի՞նչն է խանգարում իրեն տալ հրաժարական, չունենալ վերահսկողություն ոստիկանական համակարգի, ԱԱԾ-ի վրա, չվախենալ, որ խորհրդարանում կարող է ընտվել այլ վարչապետ, և գնալ հետագա գործընթացների»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում միայն նախագիծը տեսնելուց ու քննարկելուց հետո կկարողանան պատասխանել։

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

«Առավել ևս, եթե մեր ձայնը իրենց պետք է դրա համար, պիտի գան, բանակցեն, նստեն, ներկայացնեն, քննարկենք, տեսնենք դա ինչքանով է բխում այսօր մեր օրակարգից, առավել ևս՝ Հայաստանի շահերից», - ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Արտահերթ ընտրություններ գործող Սահմանադրությամբ էլ է հնարավոր նշանակել, բայց Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ, Ազգային ժողովը լուծարվի ու նշանակվեն ընտրություններ։ Այս գործընթացն անխափան իրականացնելու համար իշխող խմբակցության ձայներն էլ բավարար են։

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

Ինչի՞ց է վախեցած Փաշինյանը, որ գործող կարգը թողած, արտահերթ ընտրությունների խրթին ուղիներ է փնտրում։ Գուցե սեփական թիմին չի վստահում, հարցնում է Նաիրա Զոհրաբյանը․ - «Ինչի՞ է վախենում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց։ Միևնույն է, եթե անգամ ինքը հրաժարական տա, և տեսականորեն ընդունենք, որ «Բարգավաճ Հայաստանը» կամ «Լուսավոր Հայաստանը» կարող են առաջադրել վարչապետի թեկնածու, եթե չլինի «Իմ քայլից» մեծաթիվ պատգամավորների աջակցությունը, չի կարող մեր երկուսի ձայնը լինել բավարար։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում անգամ սեփական քաղաքական թիմին»։

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ունեն վարչապետի թեկնածուներ, և եթե Փաշինյանը հրաժարական տա, նրանք կառաջադրեն թեկնածու։ Ընտրվելու համար առնվազն 67 պատգամավորի ձայն է հարկավոր, իսկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միասին 41 ձայն ունեն։ Եթե նրանց միանան անգամ «Իմ քայլ»ը լքած պատգամավորները, միեւնույն է բավարար չէ նոր վարչապետ ընտրելու ու Փաշինյանի հրաժարականով արտահերթ ընտրությունների գործընթացի տապալման համար։

Առանց Փաշինյանի հրաժարականի Ազգային ժողովը լուծարելու իշխանականների փնտրտուքը վկայում է սեփական թիմի հանդեպ անվստահության մասին, կարծում է «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը․ - «Վստահ չեն, որ իրենց թիմը չի ընտրի, օրինակ, Էդմոն Մարուքյանին վարչապետ։ Դրա համար էլ գնում են էս տարբերակով»։

Թե ինչու է իշխանությունն արտահերթ ընտրություններին հասնելու այս ուղին ընտրել, առավել ևս, որ սա իրագործելու համար իրենց ձայները բավարար չեն, իսկ ընդդիմադիրների օրակարգում Փաշինյանի հրաժարականն է․ այս հարցին իշխանական պատգամավոր Հովակիմյանը հստակ չպատասխանեց. – «Այս փոփոխությունը, այս գաղափարը բացառապես ներկայիս իրավիճակի համար չէ։ Դուք բերում եք նրան, որ ներկայիս իրավիճակի համար։ Ես ասում եմ՝ ոչ, էս գաղափարը ընդհանրապես պիտի լինի խորհրդարանական երկրում։ Խորհրդարանի ինքնալուծարման ինստիտուտը պետք է խորհրդարանական երկրում լինի»։

Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների օրակարգը ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն մերժել են դեռ տարեվերջին Ազգային ժողովում վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

XS
SM
MD
LG