Մատչելիության հղումներ

Դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը


Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում։
Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում։

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազները հայտարարում են՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք նախկին ենթակաների պաշտպաններն իրենց միջնորդություններով փորձում են տապալել դատավարությունը։

Մեկնարկից մեկ ու կես տարի անց հերթը բուն մեղադրանքի քննությանը չի հասել, դատավորն անընդհատ քննել է փաստաբանների տարատեսակ միջնորդությունները։

2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ այսօր ներկայացրած միջնորդությունը մեղադրող կողմն այսպես որակեց. – «Մեծ հաշվով, ասելիք չկար այս ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ։ Իրականում մենք այս գործի դատական քննության դեռևս նախապատրաստական փուլում ենք։ Շուրջ 45 անբովանդակ դատական նիստ ենք ունեցել և 18 ամիս շարունակ քննարկում ենք այսպիսի միջնորդություններ»։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Աննա Դանիբեկյանը ոչ միայն չի կարող անաչառ և անկողմնական քննություն իրականացնել, այլև այդպիսին երևալ։ Ալեքսանյանի հիմնավորմամբ՝ ամիսներ առաջ Արմեն Գևորգյանի կինը կորոնավիրուսով է վարակվել, դիմել են դատարան՝ հայտնելով, որ նախկին փոխվարչապետը նիստին չի կարող ներկայանալ, քանի որ կոնտակտավոր է ՝ պահանջելով, որ կնոջ վարակված լինելու հանգամանքը դատարանը չհանրայնացնի։ Այդ պահանջը, ըստ Ալեքսանյանի, չի կատարվել, ուստի Աննա Դանիբեկյանը հանցագործություն է արել՝ բժշկական գաղտնիք հրապարակելով։

Փաստաբանը նաև ասաց՝ Դանիբեկյանը չի կարող անկողմնակալ քննել գործը, քանի որ իր պաշտպանյալի ու նրա միջև առկա է վեճ․ Գևորգյանը դատավորին հանցագործության մեջ է մեղադրում։

«Դատական պրակտիկայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ որ առաջին ատյանի դատարանները որոշում են կայացնում ինքնաբացարկ հայտնելու մասին՝ զուտ պայմանավորված այն հանգամանքով, որ դատավորը ունի վեճ դատավարության մասնակցի հետ», - նշեց Ալեքսանյանը։

Իր փաստաբանի ելույթից հետո հայտարարությամբ հանդես եկավ Արմեն Գևորգյանը․ - «Ողջ դատավարությունը և գործընթացը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, որը ենթադրում էր հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանել»։

Դատավորն ընդհատեց Գևորգյանին՝ նշելով, որ պետք է խոսել միայն միջնորդության մասին ու քաղաքական հայտարարություններ չանել․ - «Դատարանը սահմանափակում է ձեր ելույթը»։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտնելով՝ Մարտի 1-ի գործը կապված է ընտրական ու հետընտրական գործընթացների հետ և ամբողջությամբ քաղաքական է։

Այս մարտին, հիշեցնենք, կլրանա 13 տարին, ինչ նախագահական ընտրություններից հետո մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության ու իշխանության բախումների ժամանակ զոհվեց 10 մարդ։ Նրանց մահվան հանգամանքները դեռևս բացահայտված չեն։

«Ակնկալել, որ այս դատավարության ժամանակ ընդհանրապես քաղաքական կոմպոնենտ չպիտի լինի, նշանակում է ուղղակի ընդհանրապես այս գործը չլսել իր բովանդակությամբ։ Ես ուղղակի խնդրում եմ Ձեզ, դիմում եմ Ձեզ՝ հաշվի առեք այս հանգամանքը։ Չի կարող լինել դատավարություն քաղաքական գործընթացի մասին, առանց քաղաքական կոմպոնենտի», - հայտարարեց երկրորդ նախագահը։

Քոչարյանի և ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի փաստաբանները ևս միացան Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ դատավորին գործից հեռացնելու միջնորդությանը։ Աննա Դանիբեկյանը լսելով կողմերին՝ գնաց խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակի վաղը։

Ի դեպ, այսօրվա նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ դատավորը Ռոբերտ Քոչարյանին թույլատրել է վաղվանից մինչև փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում դուրս գալ երկրից։ Դատախազները Աննա Դանիբեկյանից հիմնավորումներ պահանջեցին, նա էլ պատասխանեց՝ եթե համաձայն չեն, կարող են բողոքարկել։

XS
SM
MD
LG