Մատչելիության հղումներ

ԱլԳ քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դիմում է ԵՄ-ին և անդամ երկրներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել խաղաղության համար


Հայ զինվորը մարտական գործողությունների ժամանակ, 2020թ․
Հայ զինվորը մարտական գործողությունների ժամանակ, 2020թ․

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանի կողմից և Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և հրահրմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը ոչ միայն դարձել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ և հանգեցրել հազարավոր անձանց բռնի տեղահանման, այլ նաև խիստ բացասական նախադեպ և անվտանգության սպառնալիք է ստեղծել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, արձանագրել է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) հունվարի 30-ի հայտարարությունում, որ ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

Դրական գնահատելով Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի հունվարի 20-ի բանաձևը՝ Հայաստանյան ազգային պլատֆորմը կոչ է արել Եվրամիությանը և ԵՄ անդամ պետություններին, առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով, գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում իրենց ունեցած ազդեցությունը՝ հակամարտության գոտում կայուն անվտանգության և խաղաղության հաստատման համար, մասնավորապես՝

- Պատշաճ իրավական գնահատական տալ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին՝ հաշվի առնելով ահաբեկիչների ներգրավման, ապօրինի զինատեսակների օգտագործման, ռազմագերիների և խաղաղ բնակչության հանդեպ իրականացրած ռազմական հանցագործությունների մասին առկա փաստացի ապացույցները․

- Աջակցություն ցուցաբերել հակամարտության գոտում հումանիտար աղետի պայմաններում ապրող խաղաղ բնակչությանը՝ նպաստելով նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը․

- Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը ռազմագերիների ապահով վերադարձի կազմակերպմանն աջակցելու ուղղությամբ, ինչը կկանխի նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների, մարդկային արժանապատվության նսեմացման և որոշ դեպքերում սպանությունների՝ տարածված տեսանյութերում արձանագրված դեպքերի հնարավոր կրկնությունը․

- Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վերջնականացման լիարժեք վերադարձ Մինսկի խմբի ձևաչափ` 2007թ․ Մադրիդում ընդունված, ապա նաև Լ՛Աքվիլայում և Մուսկոկայում ամրագրված սկզբունքների հիման վրա․

- Աջակցել տարածաշրջանում ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արտոնված մանդատ ունեցող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը թե՛ նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքում և թե՛ դրա շուրջ 7 շրջաններում, որոնցում կներառվեն նաև Արցախում ներկայումս առանց միջազգային մանդատի տեղակայված ռուս խաղաղապահները: Խաղաղապահ ուժերի երաշխավորմամբ եւ անվտանգության ապահովմամբ իրականացնել հայ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձ համապատասխանաբար ԼՂԻՄ-ի տարածք եւ դրա շուրջ 7 շրջաններ․

- Ճանաչել Արցախի միջանկյալ կարգավիճակը, ապաև նպաստել հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցությունների վերսկսմանը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ինքնորոշման կենսապահպանական (remedial) իրավունքի իրացման ժամկետների շուրջ, որից հետո հնարավոր կդառնա հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ համակեցությունը, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) միջեւ երկարատեւ խաղաղությունը և տարածաշրջանային անվտանգությունը երաշխավորող պայմանագրի կնքումը․

- 2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հանդեպ իրականացված ագրեսիայի, ներառյալ` պատերազմում ջիհադիստ վարձկանների ներգրավման փաստերի, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների և դրանցում Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներգրավվածության հանգամանքների միջազգային քննության իրականացում և մեղավորներին պատասխանատվության ենթարկում՝ Հարավսլավիայում տեղի ունեցած պատերազմների սանձազերծման և դրանց ընթացքում ռազմական հանցագործությունների օրինակով․

- Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների միջնորդությամբ ձևավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնող միջկառավարական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային հանձնաժողով, որն իր գործունեության մեջ կառաջնորդվի սահմանազատման հիմնարար փաստաթղթերով, միջազգային ստանդարտներով և նորմերով, հաշվի կառնի միջազգային փորձը։

Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հայտարարությունում ՀԱՊ-ը նաև մանրամասներ է ներկայացրել, մասնավորապես, որ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի անմիջական աջակցությամբ Սիրիայից հակամարտության գոտի են տեղափոխվել բազմաթիվ վարձկան-ջիհադականներ, թիրախավորված և կանոնավոր կերպով ռմբակոծության են ենթարկվել բազմաթիվ խաղաղ բնակավայրեր, ռազմագերիների և խաղաղ բնակչության հանդեպ ցուցաբերվել է միջազգային բոլոր նորմերը ոտնահարող անմարդկային վերաբերմունք, գերեվարված անձինք ենթարկվել են կտտանքների, գերիներից շատերը սպանվել են, իսկ նրանց մարմինները խոշտանգվել են, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստացի ապացույցներ։

Հայաստանի ազգային պլատֆորմը նաև ընդգծել է՝ Ադրբեջանի կողմից խախտվել են ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված՝ հրադադար հաստատելու վերաբերյալ առաջին երեք պայմանավորվածությունները։

«Այս վարքագիծն ակնհայտորեն միտված էր ի ցույց դնելու ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը և ցայտուն կերպով ապացուցում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում ադրբեջանական կողմը բացառում է որեւէ էական փոխզիջում», - ասված է հայտարարությունում։

ՀԱՊ-ն արձանագրել է՝ քանի դեռ դիկտատորական ռեժիմների կողմից պատերազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավումը, արգելված զինատեսակների կիրառումը, խաղաղ բնակչության ահաբեկումը չի արժանացել միջազգային հանրության պատշաճ գնահատականին, հիբրիդային պատերազմների նմանօրինակ կիրառումներն աշխարհի տարբեր հատվածներում կրկնվելու և ծավալվելու են՝ հանգեցնելով նորանոր աղետների։

Նշելով, որ թեև եռակողմ պայմանավորվածության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, Հայաստանի ազգային պլատֆորմն ընդգծում է՝ մարդկանց անվտանգության սպառնալիքները և հումանիտար բազմաթիվ վտանգները չեն վերացել, ավելին՝ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում տեղի չի ունեցել։

«Փոխարենը՝ ադրբեջանական կողմը շարունակում է տարածել բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ, որոնք հայատյացություն, բռնություն, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող պնդումներ են պարունակում», - հայտարարել է ՀԱՊ-ն ու իր խորը մտահոգությունը հայտնել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած ժամանակահատվածում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

ՀԱՊ-ը մասնավորապես նշել է՝ Ադրբեջանը խախտել է և շարունակում է Լեռնային Ղարաբաղից (Արցախ) նոր տարածքներ գրավել (Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, այլ տարածքներ), ինչի արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարվել են շփման գծում գտնվող ևս 64 հայ զինվորականներ։ Անհրաժեշտ պայմաններ չի ստեղծվել պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղից (Արցախ) տեղահանված շուրջ 40 հազար խաղաղ հայ բնակչության վերադարձի համար Ադրբեջանի կողմից գրավված հատվածներ, իսկ իրենց բնակավայրերում մնացած կամ այցելած խաղաղ հայ բնակիչներ սպանվել և գերեվարվել են ոչ միայն պատերազմի օրերին, այլև եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել տարբեր գնահատականներով 100-200 հայ ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին, ներառյալ` կանանց, որոնցից շատերը գերեվարվել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ մնացել էին Ադրբեջանի կողմից օկուպացված իրենց բնակավայրերում։

Ըստ հայտարարության, մինչդեռ, Հայաստանն ամբողջությամբ կատարել է հայտարարության 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։

Հայտարարության մեջ նշված իրողությունների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների տրամադրման նպատակով ՀԱՊ-ը կցել է14 հավելված։

XS
SM
MD
LG