Հայաստանը Կոռուպցիայի ընկալման 2020 թվականի համաշխարհային ինդեքսում 60-րդ տեղում է։ Այս հորիզոնականը 49 միավորով Հայաստանը կիսում է Հորդանանի և Սլովակիայի հետ։ Նախորդ տարվա համեմատ այս տարի երկիրը դիրքերը բարելավել է 17 հորիզոնականով և 7 միավորով։
Ինդեքսն օգտագործում է 100-նիշանոց սանդղակ, որտեղ 100 միավոր է գնահատվում կոռուպցիայից ամբողջությամբ զերծ միջավայրը, իսկ 0-ն կոռումպացման ամենաբարձր ցուցանիշն է։ 2020 թվականին ուսումնասիրության՝ 180 երկրների և տարածքների համար գրանցված միջին միավորը 43-ն է։
Հունվարի 28-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ 2020 թվականը նորագույն ժամանակաշրջանի վատագույն տարին էր, ինչպես նաև արձանագրվում է, որ համատարած կոռուպցիան թուլացնում է կորոնավիրուսին հակազդումը, խարխլում է առողջապահական համակարգերը, վտանգում է գլոբալ վերականգնումը։
«Covid-19-ը միայն առողջապահական և տնտեսական ճգնաժամ չէ։ Այն նաև կոռուպցիայի ճգնաժամ է։ Եվ ներկայում մենք ձախողում ենք այդ ճգնաժամի կառավարումը», - հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ղեկավար Դելիա Ֆերեյրա Ռուբիոն։
Համաձայն զեկույցի՝ աշխարհի երկրների երկու երրորդը շարունակում են 50-ից պակաս միավոր ունենալ կոռուպցիայի հակազդման համաթվում։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ամենից բարձր ցուցանիշը հարևան Վրաստանն է գրանցել․ այն 56 միավորով ցանկի 45-րդ տեղում է։
Ռուսաստանը և Ադրբեջանը միասին կիսում են ցանկի 129-րդ հորիզոնականը՝ յուրաքանչյուրը 30 միավորով։
Համաթվի առաջատարները շարունակում են մնալ Դանիան և Նոր Զելանդիան՝ յուրաքանչյուրն ունենալով 88 միավոր։ Ներկայում ամենից կոռումպացված երկրներն, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի, Սոմալին և Հարավային Սուդանն են՝ 12-ական միավորով։ Վատագույն եռյակում նաև Սիրիան է։
2017 թվականին Հայաստանն ինդեքսում 35 միավորով զբաղեցնում էր 107-րդ հորիզոնականը։