Մատչելիության հղումներ

Ռուսաստանն այսօրվանից բացում է օդային սահմանները ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի


Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներն այսօրվանից հանվում են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված պետությունների քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ», - ասված է հաղորդագրության մեջ: Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավիահաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ:

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Մինչ Հայաստանում ամիսներ շարունակ մի խումբ քաղաքացիներ Ռուսաստան գնալու պահանջով բողոքի ցույցեր են անում, Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի։ Ո՞րն է նման մոտեցմանը պատճառը, այս հարցի պատասխանը պաշտոնապես չի տրվում։

Որպես պատճառ կարող էր դիտարկվել համաճարակաբանական վիճակը։ Համեմատենք կորոնավիրուսի տարածման պատկերը օրինակ` Ղազախստանում և Հայաստանում։ Անցած օրվա ընթացքում Ղազախստանի առողջապահության տվյալներով` կորոնավիրուսից մահացել է 4, թոքաբորբից՝ 1 մարդ: Համաճարակի սկզբից՝ մարտի 13-ից, Ղազախստանում կորոնավիրուսային վարակի 107 հազար 307 դեպք է հայտնաբերվել, մահացել է 1699 մարդ: Այս պահին կորոնավիրուսային վարակից բուժումը շարունակում է ստանալ 3 հազար 667 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Հիվանդանոցներում է գտնվում 1873 հիվանդ։ Սրանք պաշտոնական տվյալներն են, նույն այդ տվյալների համաձայն` օգոստոսի 1-ից մինչ օրս երկրում գրանցվել է թոքաբորբով 31 հազար 148 հիվանդ, 344-ը մահացել են։

Հայաստանում COVID-19-ից տվյալ պահին բուժվում է 3 հազար 692 մարդ, իսկ անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 47 հազար 552-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք: Սրա հետ մեկտեղ պետք է ֆիքսել, որ Ղազախստանի բնակչությունը18.6 միլիոն է, Հայաստանի բնակչությունը` շուրջ վեց անգամ պակաս։ Միևնույն ժամանակ փորձագետների կարծիքով՝ Ղազախստանում, ինչպես և Միջին Ասիայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկը չի համապատասխանում Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից ընդունված չափանիշներին։ Մյուս կողմից` Ռուսաստանում համաճարակային իրավիճակը նույնպես բարեհաջող չէ՝ օրական պաշտոնապես գրանցվում է վարակման 6 հազարից ավելի դեպք։ Այսօր, մասնավորապես, գրանցվել է կորոնավիրուսի վարակման 6 հազար148 դեպք, մահացել է 79 մարդ։ Սրանք պաշտոնական տվյալներն են։ Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը երկրում վերահսկվում է, և նոր լոքդաունի մասին խոսելու հիմքեր չկան, իսկ միգրանտները Ռուսաստանի տնտեսության համար իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ անհրաժեշտ են։

Մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները չնայած համաճարակային ոչ այնքան բարենպաստ պայմաններին, հանում են սահմանափակումները աշխատանքային միգրանտների համար, սակայն ոչ բոլորի։ Տարբեր տվյալներով` Ռուսաստանում մինչև համաճարակը աշխատում էր մինչև կես միլիոն հայաստանցի աշխատանքային միգրանտ, նրանց մի մասը համաճարակի պատճառով մեկնել է Ռուսաստանից և չի կարողանում վեռադառնալ, մյուս մասը մնացել է Ռուսաստանում։ Համաճարակի հետևանքով փակ սահմանների պատճառով Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին հատուկ միգրացիոն ռեժիմ աշխատավոր միգրանտների համար։

Միգրանտների խնդիրներով ակտիվ զբաղվող փաստաբան, փաստաբանների Հայ- ռուսական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանն ասում է, որ համաճարակը էապես փոխել է Ռուսաստանում աշխատելու պայմաններն ու կանոնները միգրանտների, այդ թվում` հայաստանցիների համար. - «Երբ որ սահմանը նորից սկսի աշխատել նախկին ռեժիմով, ես կարծում եմ, որ պահանջները մի քիչ փոխված կլինեն արդեն, քանի որ այստեղ ռուսական շուկան մի քիչ արդեն ձևափոխվել է այս ընթացքում, եկամուտները էական նվազել են այստեղ, քանի որ Ռուսաստանի քաղաքացիները շատ սեգմենտներ արդեն իրենք են զբաղեցնում, որոնք առաջ զբաղեցնում էին ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները: Ես կարծում եմ` եթե սահմանը բացվի, բոլոր դեպքերում սանիտարական նորմերի պահանջները շատ խիստ կլինեն հիմա: Իրականում ԵԱՏՄ պայմանագրի համաձայն` բոլոր կանոնները պետք է լինեն ընդհանուր և միանշանակ տարածվեն բոլոր պետությունների քաղաքացիների վրա, բայց կյանքը ցույց է տալիս, որ կան բացառություններ, չգիտեմ` ինչու շատ դեպքերում այս բացառության տակ Հայաստանի քաղաքացիներն են հայտնվում: Իրավական պատասխան չկա այդ հարցին: Ինչ վերաբերում է վարորդական իրավունքներին կամ հայկական մեքենաների պետական համարներին, հիմա էլ դժվար է ասել` այս ամեն ինչի պատճառն ինչումն է: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ սա ԵԱՏՄ հիմնադիր պայմանագրի կոպիտ խախտում է»:

Տնտեսագետները, ի դեպ, նույնպես ասում են, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը շարունակի մնալ ճգնաժամի մեջ, իսկ ռուսական ռուբլին էլ շարունակի իր անկումը, Ռուսաստանը կդադարի հրապուրիչ լինել աշխատանքային միգրանտների համար։ Այսօր, սակայն, հետխորհրդային մի շարք երկրների աշխատանքային միգրանտների համար Ռուսաստանը միևնույն է` մնում է արտագնա աշխատանքի հիմնական շուկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG