Մատչելիության հղումներ

Covid-ի դեմ պայքարում կառավարության արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովն առաջին նիստն արեց


Կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունների արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այսօր իր առաջին նիստն անցկացրեց։ Դեռ անցած տարի այս հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին բարձրաձայնեցին խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։

Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ուղղությունները. «ռաջինը առողջապահական ուղղությունն է, մասնավորապես դա վերաբերում է համավարակի տարածումը կանխելուն և դրա արդյունավետությանը, երկրորդը բուն վիրուսի դեմ պայքարն է կամ քովիդի դեմ պայքարն է, այս երկուսն էլ առողջապահական ուղղվածություն ունեն: Մյուսը համավարակի հետևանքների մեղմումը կամ վերացումը, մասնավորապես դա հիմնականում սոցիալ-տնտեսական բլոկն է, և երրորդն արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների, սահմանափակումների իրավաչափությունն ու արդյունավետության ուսումնասիրությունն է»։

Հանձնաժողովում մեծամասնություն կազմող իշխող «Իմ քայլի» պատգամավորների կարծիքով՝ հանձնաժողովը չի կարող կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը օբյեկտիվ գնահատել, քանի որ գործընթացը դեռ չի ավարտվել:

«Հիմա մենք ներքաշվում ենք մի գործընթացի մեջ, որ դրա արդյունավետության գնահատականը դեռ աշխարհում չկա։ Չկա` որն է լավագույն մոդելը, որին պետք է հետևել, օրինակ` թռչնագրիպի մասով, որը եղել է, կա՞ ինչ-որ մի երկիր, որը էտալոնային ասում է` սա արդյունավետ քայլերի համախումբ էր: Որ դրա մասով չկա, ո՞նց ենք մենք պատկերացնում գնահատել այս հանձնաժողովի առաքելությունը որպես արդյունավետություն», -հարցրեց Արտակ Մանուկյանը։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հակադարձեցին՝ մինչ օրս հանրությունը քովիդի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ չի ստացել. հազարավոր մահեր ու վարակվածության դեպքեր, ինչպե՞ս են ծախսվել քովիդի դեմ պայքարին ուղղված գումարները, այս և այլ հարցեր է բարձրացնում Նաիրա Զոհրաբյանը` շարունակելով՝ հանձնաժողովն ունի բավականին հարուստ օրակարգ՝ քննարկելու բացթողումները։

«Չենք ստացել, թե քովիդ հիմնադրամի գումարները ինչի վրա են ծախսվել, չենք ստացել, թե ինչի շտապօգնության մեքենաները չէին արձագանքում, ինչի էին մարդիկ մեռնում տներում, ինչի էր նախկին առողջապահության նախարարն իր համար ստեղծել ֆավորիտ բժշկական հաստատությունների ցանկ, և միայն այդ հաստատություններն էին ստանում պետպատվերը քովիդի հետ կապված: Ես կարծում եմ, որ հանձնաժողովը բավականաչափ օրակարգ ունի քննարկելու` հասկանալու համար, թե մինչև հիմա արվածն ինչի է եղել այսպիսին, ինչ բացթողումներ են եղել, որ մենք շարունակում ենք թե՛ մահացության, թե՛ վարակվածության թվով աշխարհում լինել առաջատարներից մեկը», - ասաց Զոհրաբյանը։

Մոտ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում անցած մարտից մինչ օրս պաշտոնական տվյալներով` արձանագրվել է քովիդի ավելի քան 166 հազար դեպք, մահացել է ավելի քան 3 հազար մարդ, ևս 753 վարակակիր էլ մահացել է այլ պատճառներով։ Պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունները ծախսել են մոտ 50 միլիոն դոլար կամ 26 միլիարդ 491 միլիոն դրամ, որից շուրջ 25 միլիարդը պետբյուջեից է հատկացվել, մնացածը հանգանակության գումարներն են, որոնք փոխանցվել են Ֆինանսների նախարարության՝ Covid-ի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին։

Մեկ տարի շարունակ քովիդի դեմ պայքարի տապալման մասին էր խոսում նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»։ Պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց՝ մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի իր համար էլ պարզ դառնա՝ արդյոք չէին սխալվում, երբ նման կարծիք էին հայտնում. «Այստեղ չի գնահատվելու քովիդի` որպես վիրուս առանց բաղադրությունները բժշկական, միայն դա չի, պետական ինստիտուտների արդյունավետությունը համավարակի դեմ պայքարում: Եվ ես կարծում եմ, որ մեկ տարվա ընթացքում կուտակվել է մեծ փորձ, որ մենք կարողանանք այդ փորձը գնահատելով տալ մեր եզրակացությունը»:

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև 6 ամիս է, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել ևս 6 ամսով։

XS
SM
MD
LG