Մատչելիության հղումներ

Տոնոյանի համոզմամբ` տարածքների պահպանման վերջնանպատակը բանակցություններում բարենպաստ պայմանների ստեղծումն էր 


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, արխիվ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, արխիվ

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) գլխավորած Դավիթ Տոնոյանի համոզմամբ՝ 1994թ.-ից հայկական զինված ուժերի զբաղեցրած տարածքների պահպանման վերջնանպատակը ոչ թե պատմական արդարության վերականգնումն էր, կա՛մ արցախահայության և Հայաստանի երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովումը, կա՛մ տնտեսական զարգացումը, այլ 26 տարի այդ տարածքների պահպանմամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան բանակցություններում։

Տոնոյանը Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ մոտ յոթ տարի՝ 2010-2017թթ.-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր, թավշյա հեղափոխությունից օրեր անց՝ 2018թ. մայիսին նշանակվեց պաշտպանության նախարար և թողեց պաշտոնը անցած տարվա նոյեմբերին՝ Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից հետո։

Այսօր հրապարակված «Մեդիամաքսի» հետ զրույցում նա ասում է. «Իմ խորին համոզմամբ` 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը և սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։ Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով և հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։ Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական և ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը»։

Հատկանշական է, որ այս խոսքերից ընդամենը երկու տարի առաջ՝ 2019թ. մարտին Նյու Յորքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, թե Հայաստանն այլևս չի քննարկում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը՝ անցնելով «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» բանաձևին. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ` այդ ձևաչափը` «տարածքներ` խաղաղության դիմաց» ես այսօր վերաձևակերպել եմ` մենք հակառակն ենք անելու`«նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց»:

Հարց է առաջանում` եթե 1990-ական թվականների արցախյան պատերազմի արդյունքում հայկական զինված ուժերի զբաղեցրած տարածքները դիտարկվել են ընդամենը բանակցություններում բարենպաստ պայմաններ ստեղծող գործոն և ի սկզբանե չէին էլ կարող ապահովել արցախահության անվտանգությունը, ապա Հայաստանի իշխանությունները տարիներ, եթե չասենք տասնամյակներ շարունակ որքանո՞վ են ջանքեր գործադրել նշված տարածքներում պաշտպանական ժամանակակից համակարգեր ստեղծելու ուղղությամբ, էլ չենք խոսում վերաբնակեցման ու տնտեսապես Հայաստանի հետ ինտեգրելու մասին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ուշադրություն հրավիրեց՝ Տոնոյանի հարցազրույցը հրապարակվել է 44-օրյա պատերազմի մասին շարունակվող լայնածավալ ապատեղեկատվության ֆոնին. «Փաստորեն խոստովանվում է, որ Հայաստանի ղեկավարության մոտ եղել է միանգամայն այլ կարծիք այդ տարածքների մասին` համեմատելով այն հայտարարությունների հետ, որոնք արվում էին մինչ այդ: Եվ այդ իմաստով փաստորեն կարելի է սա գնահատել որպես, այսպես ասենք, փորձ` բանակը զերծ պահել անհարկի մեղադրանքներից»:

Հարցազրույցում Դավիթ Տոնոյանը նաև խոստովանում է, որ Հայաստանը չի հասցրել «պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»:

Այստեղ ևս հարց է առաջանում՝ նման պատերազմ Ադրբեջանը կիրառեց դեռ 2016թ. ապրիլին, ինչո՞ւ գրեթե չորսուկես տարի անց էլ Հայաստանը անպատրաստ էր նման ռազմական գործողություններին։

«Եթե նայում ենք այն իրողությանը, որ Հայաստանի, այսպես ասենք, գերակայությունը հենց Ռուսաստանի հետ համագործակցությունն էր, ապա հարց է առաջանում` արդյոք ինքը` Ռուսաստանը պատրաստ է այդպիսի պատերազմի, որ մի բան էլ մեզ պատրաստեր այս տարիների ընթացքում: Դա առաջինը, և երկրորդն էլ` նույնպես հարց է` իսկ արդյոք կցանկանար: Դրա պատասխանն էլ մենք չունենք», - ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Տոնոյանը նշում է նաև, որ թերի են գնահատվել Թուրքիայի անմիջական և վարձկանների զանգվածային ներգրավումն ու մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերը։

Անցած տարի նոյեմբերի 10-ին` զինադադարի կնքման հենց հաջորդ օրը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը կռվել են սպառազինության մատակարարման տոտալ բլոկադայի պայմաններում։

«Սա, ըստ էության, ոչ միայն նույնիսկ և ոչ այնքան Հայաստանի և Հայաստանի զինված ուժերի պարտությունն է, որքան նաև ռուսական զենքի պարտությունն է, սա Ռուսաստանի հետ դաշինքի պարտությունն է», - նշում է քաղաքագետը:

Ըստ Տոնոյանի` ինքը չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։

XS
SM
MD
LG