ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերություններին:
Նախագահ Բայդենը նշել է միջազգային կազմակերպությունների հետ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի համագործակցության կարևորությունը հատկապես կլիման պաշտպանելու և կորոնավիրուսի համավարակը զսպելու հարցերում:
Բայդենը խոսել է տրանսատլանտյան կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին` կարևորելով հավաքական անվտանգության և ընդհանուր արժեքների պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ի առաքելությունը:
Բայդենը և Ջոնսոնը վերահաստատել են հավատարմությունը մարդու իրավունքների և դեմոկրատիայի գաղափարներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը ողջունել է ԱՄՆ-ի վերադարձը կլիմայի հարցով Փարիզյան համաձայնությանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու որոշման չեղարկումը:
Ջո Բայդենը և Բորիս Ջոնսոնը պայմանավորվել են «առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել»:
Բրիտանական աղբյուրների համաձայն, Բայդենը կարող է այս տարվա հունիսին մեկնել Միացյալ Թագավորություն, որտեղ նախատեսվում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը: