Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն


Երեկ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 22-ը, Թադևոսյանի հաղորդմամբ, հայտնաբերվել է 1256 աճյուն. «Ամեն անգամ որոնողական աշխատանքներից հետո արդյունքները ամփոփվում են: Հավաքվում են ծնողները զոհված զինծառայողների կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ներկայացնում ենք օրվա կատարածը և միասին որոշում նաև հաջորդ օրվա ուղղությունը և այնտեղ էլ որոշվում է, թե ովքեր կարող են գալ»:

«Որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են երեք ուղղություններում. առաջինը Քաշաթաղի շրջանն էր, որը նախատեսված էր երեկ, բայց մեր կողմի խնդիրներից ելնելով, այսինքն ուղեկցողների պատճառով չիրականացվեց և ուղղությունը երեկ տեղափոխվեց Մատաղիս, Թալիշ հատվածներ: Իսկ որ կասեցվել էր, դա կապված է հիմնականում ձյան հետ, ճանապարհը փակ էր և ուղեկցողները պետք է Սյունիքի մարզից ներկայանային, այսօր է իրականացվելու», - ասաց ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Ըստ Հունան Թադևոսյանի, այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քաշաթաղի շրջանում, Վարանդայի՝ Ֆիզուլիի հատվածում, այսօր ևս աշխատանքներում ընդգրկվել են Մատաղիս, Թալիշ հատվածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG