Մատչելիության հղումներ

Վարչապետի գնահատմամբ, Հայաստանը պատվով է դիմակայել նոր համավարակին


Առողջապահության նախարարությունը վստահվում է Արսեն Թորոսյանի հետ նույն թիմում աշխատած Անահիտ Ավանեսյանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ հույս հայտնեց, որ ոլորտում մարդակենտրոն բարեփոխումները շարունակվելու են․ - «Ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ՝ տիկին Ավանեսյան, այս աշխատանքները շարունակելու գործում: Հույս ունենք, որ Առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվ գործունեությունը և չի վախենա քննադատություններից, որովհետև աշխատանքը, բնականաբար, բերում է քննադատություն: Իհարկե պետք է առավել ուշադիր լինել քննադատությունների նկատմամբ և փորձել օգտակար ու ռացինոլ տեղեկատվություն ու խորհրդատվություն դուրս բերել»։

«Շնորհակալություն, որ այս պատասխանատու ընթացքում հնարավորություն եք տվել ստանձել այս պատասխանատու պաշտոնը։ Իրապես վստահեցնում ենք, որ պետք է աշխատենք նույն տեմպով՝ շարունակելու ոլորտի զարգացումը, որպեսզի մեր քաղաքացիներին ունենալով կենտրոնում, ավելի որակյալ, մատչելի և հասանելի առողջապահական ծառայություններ ապահովենք», - ասաց նորանշանակ նախարարը։

39-ամյա Անահիտ Ավանեսյանը ունի աշխատանքային մեծ փորձ՝ իրավախորհրդատուից մինչև դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն։ 2018-ի մայիսի 25-ից զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Մասնագիտությամբ իրավաբան է, Փաստաբանների պալատի անդամ։ Աշխատել է արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում։

Նախարարի այս փոփոխությունը նշանակում է, որ գործող թիմի հանդեպ կա վստահություն, իսկ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունը ամենաարդյունավետ աշխատողներից է եղել՝ արժանանալով նաև քննադատության ամենամեծ չափաբաժնին, ասում է վարչապետն ու շնորհակալություն հայտնում Արսեն Թորոսյանին, որին երեկ իր աշխատակազմի ղեկավար նշանակեց՝ այդ պաշտոնից ազատելով Էդուարդ Աղաջանյանին։

Ըստ Փաշինյանի՝ 2018-ից ոլորտում նկատելի բարեփոխումներ են եղել, իսկ 2020 թվականը մեծ փորձություններ բերեց նախարարության համար՝ նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակը և պատերազմը։

Արդյունավետ աշխատանքի մասին բարձրաձայնելը, ըստ վարչապետի, դեռ չի նշանակում, որ համակարգն անթերի է աշխատել։ Շատ խնդիրներ դեռ լուծված չեն, իսկ գործունեությունը և որակը շատ տեղերում դեռ հեռու է իդեալականից։ Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն։

Անթերի չի եղել նաև Կառավարության աշխատանքը, որտեղ Արսեն Թորոսյանը պատասխանատու պաշտոն է զբաղեցնելու՝ լուծելու համար կարևոր խնդիր․ - «Պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից: Այդ ռեսթարթն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ: Եվ, բնականաբար, ոչ միայն պարոն Թորոսյանի առաջ, բոլորիս առաջ»:

Վարչապետն այսօր չխոսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանին աշխատանքից ազատելու պատճառների մասին, միայն ակնարկեց, որ նրա հետ դեռ կհամագործակցեն․ - «Ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մենք մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»։

Հետպատերազմյան շրջանում սկսված կադրային փոփոխությունները, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, երկու հիմնական շարժառիթ ունեն։ Նախ, հասարակությանը ցույց տալ, որ փոփոխությունների գործընթաց է սկսվել, և իշխանությունը փորձում է փոխել կառավարման արդյունավետությունը։ Եվ երկրորդ, այդ փոփոխությունները քայլ են դեպի 2021 թվականին հնարավոր արտահերթ ընտրություններ։

«Ես կարծում եմ, հանրությունը ներկայումս ունի շատ ավելի արագ փոփոխության և առարկայական փոփոխության ակնկալիք։ Այսինքն՝ մարդկանց փոփոխությունը ներկայումս գործնականում որևէ մեկի համար որևէ համոզիչ էֆեկտ ունենալ չի կարող։ Մարդիկ սպասում են, որ շոշափելիորեն տեսնեն Հայաստանում կառավարման որակի փոփոխություն։ Եվ կա մեկ այլ հանգամանք ևս․ հնարավոր է Էդուարդ Աղաջանյանը, որին վարչապետ Փաշինյանը իր քաղաքական մերձավորը համարեց այսօր, վարչապետ Փաշինյանը այդ փոփոխությամբ գուցե փորձում է Աղաջանյանի այսպես ասած՝ ձեռքերը ազատել պաշտոնեական կաշկանդող լիազորություններից՝ արդեն ներքաղաքական, ներթիմային գործողություններ և գործառույթներ կատարելու համար։ Եվ չեմ բացառում, որ Աղաջանյանի առաջիկա գործառույթը լինելու է հենց դա»։

Հետպատերազմյան շրջանում, երբ Հայաստանի առջև մեծ մարտահրավերներ են դրված, ռեսթարթը չափազանց դանդաղ ընթացք է, ըստ Հակոբ Բադալյանի։ Նրա կարծիքով, Հայաստանին կայծակնային փոփոխություններ են պետք, որոնք առայժմ չեն նշմարվում։

XS
SM
MD
LG