Մատչելիության հղումներ

Ըստ Գոչունյանի, Թուրքիայում մտորում են Հայաստանի հետ սահմանի վերաբացման մասին


Թուրքիայում պետական, քաղաքական շրջանակները մտորում են Հայաստանի հետ սահմանի վերաբացման մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մոտ ապագայում որակական փոփոխությունների կարող են ենթարկվել, որովհետև Լեռնային Ղարաբաղի լայնածավալ պատերազմից հետո Կովկասում նոր մթնոլորտ է ձևավորվում և այս իրադրության պայմաններում լուրջ առարկայական հիմքեր կան որպեսզի Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ի վերջո բնականոն վիճակ ստանան և երկու հարևան երկրների միջև համագործակցություն սկսվի», - ասաց Արա Գոչունյանը։

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ: 1993-ին Թուրքիան միակողմանի փակեց օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, օդային սահմանը, սակայն, վերաբացվեց 1995-ին: Հայ-թուրքական ցամաքային սահմանի վերաբացման համար նախորդ շուրջ երեք տասնմայկաներում Անկարան հայկական կողմից պահանջում էր Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, որոնք արդեն Բաքվի վերահսկողության ներքո են անցած տարվա արցախյան պատերազմի հետևանքով։

«Առայժմ հետպատերազմյան իրավիճակի մեջ Թուրքիայիում պարզապես Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելու մտադրությունների, այսպես կոչված, ազդանշաններ կան, որ բավարարվում են։ Կոնկրետ խոսակցություններ և հստակ ծրագրերի մասին, և/կամ քաղաքական կամքին վերագրվելիք հստակ հայտարարություններ չեն բարձրաձայնվում, բայց այն, ինչ մենք իմանում ենք՝ Անկարան Կովկասի մոտավոր ապագան ինչպես է պատկերացնում, այնտեղից կարելի է արդեն հետևություններ անել, որ Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ տեղաշարժ պետք է արձանագրել», - ասաց Գոչունյանը։

Հունվարի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոտ չորս ժամ տևած հանդիպման արդյունքում ստորագրվեց եռակողմ նոր հայտարարություն, որով նախատեսվում է երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքային խումբ ձևավորել, որն էլ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման ժամանակացույցը։

Պայմանավորվածության իրագործումից հետո Հայաստանը, փաստորեն, կկարողանա Ադրբեջանի տարածքով երկաթուղային ու ավտոճանապարհային կապ հաստատել Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով, Սյունիքով Նախիջևանի, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիայի հետ։

Որոշ փորձագետների կարծիքով, նման զարգացման դեպքում Անկարայի համար անիմաստ կդառանա Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակ պահելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG