Մատչելիության հղումներ

Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից, ասել է Փաշինյանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում:

«Նրա գործունեության ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ շատ բարդ է եղել և նա պատվով է կատարել իր աշխատանքը: Եվ ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք», - ասել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և Թորոսյանի առջև խնդիր դրել:

«Ընդհանրապես մենք բոլորս և պետական կառավարման համակարգը՝ որպես երկրի իրավիճակի պատասխանատու, շատ ծանր ժամանակներ ենք ապրել: Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից: Այդ ռեսթարթն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ: Եվ, բնականաբար, ոչ միայն պարոն Թորոսյանի առաջ, բոլորիս առաջ: Բայց այդ ազդակներն առաջին հերթին պետք է հղվեն վարչապետի աշխատակազմից», - նշել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է՝ այս ընթացքում ամենատարբեր իրավիճակներում են եղել, և ըստ էության, գիտեն պետական կառավարման համակարգի բոլոր առավելություններն ու թերությունները. - «Որտեղ է, որ կարողանում ենք որակյալ աշխատանք անել և ինչու, որտեղ է, որ մենք չենք կարողանում որակյալ աշխատանք անել և ինչու: Եվ մենք պետք է առավել ևս այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող դնենք, որն ըստ էության հանրությանը մատուցվող ծառայություն է, և այդ ծառայության որակը պետք է բերենք բոլորովին նոր մակարդակի»։

Թորոսյանը վստահեցրել է՝ կպահեն այդ բարձր նշաձողը։ «Եվ պարոն վարչապետ, Ձեր մատնանշած խնդրի լուծմանը զուգընթաց, կփորձենք այն ավելի բարելավել: Ուզում եմ վստահեցնել աշխատակազմին, որ աշխատանքն ինձ հետ բոլորի համար կլինի հարմարավետ: Վստահ եմ, որ Ձեր մատնանշած ուղղությամբ էական քայլեր կկատարենք: Նույնը, ինչպես Դուք նշեցիք, ակնկալում եմ բոլորից», - նշել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետի առաջարկով երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից և նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։ Առողջապահության նախարար նշանակվեց Թորոսյանի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

XS
SM
MD
LG