Մատչելիության հղումներ

ՀՀ-ն մինչև փետրվար ՄԻԵԴ կուղարկի Ադրբեջանի դեմ գլխավոր գանգատը. նաև փոխհատուցում կպահանջի


Պատերազմին առնչվող Հայաստանի գլխավոր գանգատն ընդդեմ Ադրբեջանի գրեթե պատրաստ է և մինչև փետրվար արդեն կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Շրջանակները վերաբերում են առաջինը զոհերին քաղաքացիական անձանց միջև, վիրավորներին, ինչպես նաև տեղահանված անձինք, ովքեր որ ստիպված են եղել պատերազմի հետևանքով տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն օրինակ, ներառելու է նաև բոլոր անձանց սեփականության իրավունքի վերաբերյալ հարցերը, այսինքն` Շուշի, Հադրութ, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օկուպացվել են վերջինիս կողմից, ինչպես նաև շրջանակը ներառելու է երեխաների կրթության իրավունքը, որը ևս, կարծում ենք, ոտնահարված է», - ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Վերջինս հայտնեց, որ մինչ օրս ՄԻԵԴ ուղարկված դիմումները հիմնականում պատերազմին առնչվող, սակայն միջանկյալ միջոցներ են եղել, իսկ արդեն գրեթե ավարտուն գանգատը հսկայական ծավալ ունի ու ներառում է հարցերի մեծ շրջանակ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի՝ Ադբեջանի թույլ տված խախտումներին։ Ոչ մեծաթիվ, բայց ՄԻԵԴ-ում կան նման գանգատների նախադեպեր. «Ընթացիկ Վրաստան-Ռուսաստան գործը կա, որը շուտով, կարծում ենք, կլինի վճիռ: Նաև կա Ուկրաինա-Ռուսաստան գործը, նաև ժամանակին կար Թուրքիա-Կիպրոս: Դրանք այն հիմնական առանցքային նախադեպերն են միջպետական նախադեպերի, որոնք առկա են, բայց կարծում ենք` մեր ներկայացվելիք իր բովանդակությամբ և իր ծավալով շատ ավելի լայնածավալ է, քան նշված գանգատները»:

Հայաստանը Եվրոպական դատարանի միջոցով կփորձի հասնել մի քանի նպատակների, արձանագրել մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև պահանջել փոխհատուցում, թե կոնկրետ որքան, այս պահին դեռ կառավարության ներկայացուցիչը չի հայտնում. «Առաջինը` ֆիքսելը կամ ընդունելը, հաստատելը կոնկրետ իրավունքների խախտումը, երկրորդը` պարզ է` ներկայացվել է պահանջ նաև հատուցման խնդրով, ինչը գույքային պատճառված վնասի հատուցման նպատակով պահանջ ներկայացվելու է անպայման: Ես դրա համար նշեցի սեփականության իրավունքի մասին: Ամենասկզբնական փուլում մենք հաշվարկ չենք ներկայացնի, բայց ընթացիկ փուլում արդեն կներկայացվի, որովհետև նաև դա ընթացակարգերից է բխում դատարանի»:

Ադրբեջանն իր հերթին դիմել է Եվրոպական դատարան Հայաստանի դեմ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես գրում են, «գանգատը վերաբերում է մարդու իրավունքների խախտումներին Հայաստանի կիրառած ագրեսիայի պատճառով»: Հայտնում են, թե քանի խաղաղ բնակիչ է զոհվել, քանի բնակելի շենք ու տուն է քանդվել և այլն։

«Պաշտոնական չենք ծանուցվել դրա մասին: Կարծում եմ` որոշակի ժամանակ կանցնի, մինչև մենք կծանուցվենք, բայց ամեն դեպքում սպասելի էր, որ նաև իրենք կդիմեն», - ասում է Կիրակոսյանը:

ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատում անդրադարձ կա նաև Ադրբեջանում հայտնված գերիներին, բայց Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ հույս ունի` այս հարցը կլուծվի ավելի շուտ, քան իրենց գանգատի քննությունը։ Միջանկյալ միջոցներ կիրառելու համար դիմելիս հեշտությամբ նկատել են, որ Ադրբեջանը տրամադրված չէ գերիների թեմայով համագործակցել հայկական կողմի հետ, ինչի համար դատարանից բացի, դիմել են նաև նախարարների կոմիտեին. «Որ ցավոք սրտի Ադրբեջանի այդ առումով շատ ցածր մակարդակի համագործակցությունն ամեն դեպքում այս պահին դիմել ենք նախարարների կոմիտե փոխանցելու համար, որպեսզի ավելի ակտիվ քննարկվի հարցը, որովհետև դատարանի ֆորմատում տպավորություն է, որ էֆեկտիվությունը ցածր է»:

Քաշաթաղի շրջանից պատերազմի հետևանքով Գյումրի տեղափոխված Նաիրա Մարգարյանը ժամկետային որդուց լուր չունի արդեն գրեթե 3 ամիս։ Ժիրայր Մարգարյանը ժամկետային զինծառայող է եղել, վերջին անգամ մոր հետ խոսել է հոկտեմբերի 23-ին, ապա անհետացել է, նրն մարմինը չի հայտնաբերվել զոհերի շարքում, ծառայակից ընկերներից որևէ մեկը չի տեսել նրան անգիտակից վիճակում:
Մայրը չի բացառում, որ որդին գերի է. «Ինձ ասացին, որ որ տարածքում եղել է, արդեն մարմինները հանված են այդ տարածքից: Իմ կասկածներս մենակ զանգերն են, որ փակ համարից իմ ու ամուսնուս հեռախոսի համարներին զանգեր են եկել: Ես փորձել եմ պատասխանել, ուղղակի չեն խոսացել»:

Ժիրայրի անհետանալու օրվանից, ասում է, իր կյանքը անվերջ սպասման ու տագնապով լի շրջանի է վերածվել, մինչև ի վերջո որևէ լուր կստանա որդուց. «Վերջին զանգը, ինքն ինձ զանգել է հոկտեմբերի 14-ին, որ մամ ջան, հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է մեզ մոտ»:

XS
SM
MD
LG