Մատչելիության հղումներ

Հարկավոր է գտնել ղարաբաղյան խնդրի քաղաքական հանգուցալուծումը, ասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

«Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը», - նախօրեին, դիմելով Փարիզում գործող Արտաքին հարաբերությունների գիտական դպրոցի կողմից կազմակերպված համաժողովի մասնակիցներին, հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Պատասխանելով քննարկումը վարող Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետայի՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցին, Ստոլտենբերգը նշում էր․ - «Միանշանակ է, որ մենք պետք է տարբեր հակամարտություններին քաղաքական լուծում գտնենք՝ Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում, որ Դուք հիշատակեցիք։ Մեր հիմնական ուղերձն այն է, որ հարկավոր է հարգել [պետությունների] ինքնիշխանությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է այն բոլոր ջանքերին, որոնք միտված են քիչ թե շատ սառեցված համարվող հակամարտությունների քաղաքական լուծմանը»։

Վրաստանի և Ուկրաինայի պարագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ձևակերպումները պակաս դիվանագիտական էին։ Ստոլտենբերգի խոսքով՝ այս երկրների՝ դաշինքին անդամակցելու հարցում պաշտոնական Մոսկվայի կարծիքը որևէ նշանակություն ունենալ չի կարող։

«Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և Ռուսաստանը չի կարող արգելել դա։ Կդառնա Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ թե ոչ՝ դա բացառապես դաշինքի անդամների և Վրաստանի որոշումից է կախված։ Ցանկացած այլ մոտեցում ոտնձգություն է ինքնիշխան, անկախ պետության ինքնիշխան իրավունքների դեմ։ Խախտելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը՝ Ռուսաստանը անթույլատրելի քայլի է դիմել։ Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային։ Ղրիմի անօրինական բռնակցումը, Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի ապակայունացումը ոտնահարում են այն հիմնարար սկզբունքները, որոնց շնորհիվ մենք խաղաղ և կայուն աշխարհ ենք ձևավորում», - հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը անում է հնարավորը նաև նոր հակամարտությունների օջախների ձևավորումը կանխելու համար։ Դրա ամենավառ օրինակն, ըստ Ստոլտենբերգի, Աթենքի և Անկարայի միջև միջնորդի դերի ստանձնումն էր։

«Որպես օրինակ բերեմ այն լարվածությունը, որ առկա էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ ՆԱՏՕ-ն դարձավ այն հարթակը, որտեղ Թուրքիան և Հունաստանը սկսեցին շփվել։ Մենք կարողացանք երկու դաշնակիցների միջև մի այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը կանխեց վտանգավոր միջադեպերի ծագումը՝ ճանապարհ հարթելով առկա տարաձայնությունների դիվանագիտական լուծման համար», - նշում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG