Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հաղորդմամբ` այս պահի դրությամբ 15 միլիարդից ավելի փաստացի վճարումներ են իրականացվել արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները վերացնելու նպատակով: Տուժածներին աջակցելու համար գործում է 15 ծրագիր, նախանշված են նոր ծրագրեր, որոնց համար ևս մեծ գումարներ են նախատեսված, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց նա:
«Քանի դեռ պատերազմի հետևանքները, առնվազն սոցիալական տեսանկյունից հաղթահարված չեն, սոցիալական աջակցությունները կշարունակվեն», - ասաց նախարարը:
Հաշմանդամության կարգ ստանալը պարզեցվել է
3-ամսյա օրենսդրական ժամկետ է սահմանված մի շարք հիվանդությունների դեպքում, որը ենթադրվում է բուժման ավարտ, և որից հետո տրվում է հաշմանդամության կարգ, ասաց նախարարը` պատասխանելով հարցին, թե սովորաբար երկար է տևում հաշմանդամության կարգ ստանալը:
«Հաշվի առնելով, որ հետպատերազմյան շրջանում այս գործընթացն ավելի մեծ ծավալների անհրաժեշտություն է իր մեջ պարունակում, փորձել ենք առավելագույնը պարզեցնել գործընթացը, մասնավորապես նախարարություն և գործակալություն դիմելու անհրաժեշտություն չկա, նախարարության աշխատակիցներն են ամեն օր այցելում բուժհաստատություններ կամ բնակության վայր, չի գերազանցում մեկ շաբաթը, երբ որ մեր աշխատակիցներին դիմում են, ու դրանից հետո արդեն տրամադրվում է հաշմանդամության խումբը», - նշեց Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարը համաձայն է` ֆինանսական աջակցությունն ստանալու համար ձգձգումներ լինում են
Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր նշել են, որ ուղարկել են դիմում հայտերը, սակայն դեռևս նույնիսկ չեն տեղեկացվել` ստանալու են արցախցիներին տրամադրվող աջակցությունները, թե ոչ:
«Կան տեխնիկական խնդիրներ, նաև երբ դիմում լրացնողներն են որոշակի խնդիրներ թույլ տալիս», - արձագանքեց նախարարը` պարզաբանելով, որ կայքում դիմում-բողոքների հատվածում մեկնաբանությունների դաշտ են ստեղծել, որոնք անհրաժեշտ է հայտը դիտարկելիս հաշվի առնել, և հետադարձ կապի միջոցով տեղեկացնում են, թե ինչպես կարգավորել հարցը:
Նա նաև համաձայնեց օգտատերերի դիտարկումներին, որ ձգձգումներ լինում են. «Այո, որոշ դիմումների մասով պետք է փաստենք, որ որոշ ձգձգումներ են լինում, դա պայմանավորված է նրանով, որ մի շարք ծրագրերի մասով, նաև հյուրընկալի ծրագրի մասով ունենք պահանջ Արցախի քաղաքացիների մասով վերջին 3 ամսում փաստացի բնակվելու, խոսքը վերաբերում է այս պահին Արցախի տիրապետության տակ չգտնվող բնակավայրերին: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է Արցախի կառավարության, համայնքների կողմից, և քանի որ որոշ համայնքների դեպքում տեղեկատվական բազաների կորուստ է եղել, որոշ համայնքների մասով դեռևս աշխատանքներ են իրականացվում, որպեսզի փաստեն, որ այդ քաղաքացիները մինչև պատերազմը այդտեղ են բնակվել»:
Թոշակի բարձրացում այս տարվա բյուջեով նախատեսված չէ
Պատասխանելով հարցերին մեկին` Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս տարվա բյուջեով կենսաթոշակների ավելացում նախատեսված չէ. «Հաջորդ տարվա բյուջեի քննարկումները դեռ չեն սկսվել: Կառավարության ընդհանուր առաջնահերթությունների մեջ է», - նշեց նախարարը:
Արցախում բնակված, սակայն ՀՀ-ում հաշվառված քաղաքացիները ևս աջակցություն կստանան
Օգտատերերից մեկն ասում է` մի քանի տարի ապրել է Արցախում ընտանիքի հետ միասին, սակայն ՀՀ քաղաքացի են, աշխատել են Արցախում, ունեցվածքն էլ Ադրբեջանին է անցել, Հայաստանում սեփականություն չունեն: Այս քաղաքացիները, ըստ նախարար Առաքելյանի, ևս աջակցություն կստանան.
«Քաղաքացիների մի խումբ, ովքեր բնակվել են Արցախում, չեն ունեցել Արցախի հաշվառում, հիմնականում հենց Քաշաթաղի շրջանի մասին է խոսքը, սակայն բնական է` այդ մարդիկ իրենց կարգավիճակով, բովանդակային առումով չեն տարբերվում այդ մարդկանցից, ովքեր հաշվառված են եղել, իրենց կորուստները համարժեք են մնացածի կորուստներին, այս մարդկանց աջակցությունը պետք է իրականացվի կորցրած տարածքների աջակցության շրջանակներում` 300 հազար դրամի շրջանակներում: Մինչ ծրագրի ավարտը այդ մարդկանց աջակցության տրամադրման մեխանիզմը նույնպես կվերջնականացվի, և նրանք նույնպես կհանդիսանան այն ծրագրերի շահառու, որի շահառու են հանդիսանում այն քաղաքացիները, որ հաշվառված են Արցախում»:
«Չեմ կարծում, որ հետպատերազմական Հայաստանում պետական որևէ պաշտոնյա պարգևավճար ստանալու հարց ընդհանրապես պետք է քննարկի»
Հարցին, թե որքանով է արդար, որ բացառապես նախարարի որոշմամբ էր` նախարարության աշխատակիցների դեկտեմբերի պարգևավճարները փոխանցվեցին Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին` 20 հազար դրամի տեսքով, և որ այդ գումարը կարող էր տալ իր ու իր տեղակալների անձնական եկամտից, ոչ թե չնչին աշխատավարձ ստացողից, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց, որ նախ ենթադրում է, որ այս օգտատերը նախարարության աշխատող է, քանի որ վստահ գրել է, որ որոշումը չի քննարկվել ոչ մեկի հետ. «Չէ, որոշումը քննարկվել է նախարարության ղեկավար կազմի հետ, բնական է` իմ կողմից չեմ պատրաստվել քննարկել բոլոր աշխատակիցների հետ, և ամենակարևորը ցավում եմ, որ պարգևավճարը շատ աշխատակիցների և պետական աշխատակիցների կողմից սահմանված իրավունք է, այսինքն և օգտատերը, և շատերը իրենց պարտադիր եկամուտի մաս են դիտարկում: Իմ համոզմամբ` պարգևավճարը լրացուցիչ կամ ավելի լավ աշխատանքի դիմաց, աշխատանքից հետո վարձատրման և խրախուսման միջոց է, և իմ նախարար դառնալուց հետո այդ մոտեցումը ես փոխանցել եմ և փոխնախարարներին, և նաև իրենց միջոցով մնացած աշխատակիցներին, որ նախարարության աշխատակիցները պարգևավճար պետք է ստանան միայն լավ և արդյունավետ աշխատանքի համար, այսինքն` որևէ մեկը երաշխավորված չէ, և դա ոչ թե իրենց սահմանված եկամտից պահում է արվել, այլ որոշում է կայացվել պարգևավճար չվճարել: Ես չեմ կարծում, որ հետպատերազմական Հայաստանում պետական որևէ պաշտոնյա պարգևավճար ստանալու հարց ընդհանրապես պետք է քննարկի: Ես կարծում եմ, որ այս պահին ընդհանրապես որևէ մեկի կողմից շահարկել, պահանջել և ակնկալել պարգևավճար ամբողջովին տեղին չէ»:
Նա հավելեց, որ իր նշանակվելուց հետո ինքը, իր տեղակալները պարգևավճար չեն ստացել:
Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.