Մատչելիության հղումներ

Փաստաթղթերի բացակայության պատճառով արցախցիներին դժվարությամբ է հաջողվում սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել


35-ամյա Անի Ղարաբեկյանն ամուսնու ու երկու անչափահաս երեխաների հետ Արարատի մարզի գյուղերից մեկում է բնակվում՝ ընկերուհու բարեկամի տանը։ Նրանց տունը ադրբեջանցիների կողմից գրավված Շուշիում էր։ Հայաստանի կառավարությունն արցախցիների համար սոցիալական աջակցության 15 ծրագիր է իրականացնում։ Անին արդեն աջակցության երկու ծրագրից է օգտվել, բայց ոչ իր մեղքով առաջացած խնդիրը ժամանակ ու նյարդեր է խլել. պարզվել է, որ երեխաները պետռեգիստրում գրանցված չեն եղել։

Զրուցակիցս այս պահին էլ մեկ այլ ծրագրից օգտվելու թնջուկի մեջ է՝ կառավարությունը 300 հազար դրամ է հատկացնում այն արցախցիներին, որոնց բնակավայրերն ադրբեջանցիներին են անցել։ Թեև ամուսինն այդ տանն է ծնվել ու մեծացել, այդուհանդերձ իր ու ամուսնու գրանցման վայրերն այլ են. «Մենք ապրում էինք ամուսնուս տատիկի տանը, տատիկի հետ բոլորս միասին: Ինքն այդ տանն է մեծացել: Տեղեկանք է տվել Շուշիի քաղաքապետը, որ մենք այնտեղ ենք բնակվում: Ես տեղյակ եմ նաև, որ տարբեր ցուցակներ են արվում, առաջին ցուցակը, երբ որ ամեն ին կարգին է` մարդ էնտեղ բնակվել է, հաշվառում ունի, երբ որ մեր նման են, և երրորդ ցուցակ գոյություն ունի, երբ որ մարդիկ հաշվառված են, բայց չեն բնակվում: Հիմա այդ պրոցեսներն են կատարվում, շտկումներ են անում, ուղղվում են»:

Տնից զրկված երիտասարդ կինն աշխատում է Երևանում՝ «Արցախի տեղեկատվական շտաբ»-ի զանգերի կենտրոնի համակարգողն է։ Ասում է՝ աշխատանքի բերումով իր պես շատերին է օգնում, սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել ցանկացողները շատ են զանգահարում իրենց և օգնություն խնդրում՝ ինչպե՞ս, ո՞ւմ դիմել, ի՞նչ թղթեր ներկայացնել և այլն։ Թեև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացված բողոքների հիման վրա որոշ հարցեր կարգավորել է, այդուհանդերձ զրուցակիցս վստահ է, որ եթե տեղեկացված չլինես ու ինտերնետի հասանելիություն չունենաս, հնարավոր է` բաց թողնես քեզ հասանելիք օգնությունը. «Խնդիրներ անընդհատ կան, ու շատ են այդ խնդիրները: Օրինակ` Սոցապնախարարության 300 հազարները վերջին այս 3 օրն էլ այդ խնդիրն է շատ շրջանառվում, որ մարդկանց sms-ները գնացել են mail-երին, հեռախոսահամարներին, որ ձեր 300 հազարները կան, կարող եք գնալ, ստանալ, բայց մոտենում են մարդիկ «Հայ փոստ», բայց իրեն անունը երբեմն անգամ ցուցակում չկա, կա ցուցակում, կամ գումարը չկա»:

Իրավաբան Ստելլա Չանդիրյանը մասնագիտական աջակցություն է տրամադրում սոցիալական ծրագրերից օգտվող արցախցիներին։ Ասում է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կարողանում են երբեմն ի հայտ եկած խնդիրները լուծել, բայց հաճախ էլ համակարգն ընդհանրապես անգործության է մատնվում. «Օրինակ` դեպքերից մեկով սեպտեմբերի 27-ին ծննդաբերած կին կա, ով հենց առավոտյան վաղ ժամին ծննդաբերել է, ու ծննդաբերության հենց պահին սկսվէլ է ռմբակոծությունը քաղաքի: Միանգամից բժշկական աշխատողներն օգնել էին նրան դուրս գալ հիվանդանոցից, բնականաբար ոչ մի փաստաթուղթ չէին կարող ներկայացնել, որ երեխան ծնվել է, իսկ օրենքն ասում է, որ երեխայի ծննդյան փաստը հիմնվում է նաև բժշկական հաստատությունից տրված տեղեկանքի հիման վրա: Այստեղ և՛ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի հետ փորձեցի խոսել, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոչինչ չարեց, Արդարադատությունը նախարարությունը ոչինչ չարեց, և երեխան, ով փաստացի սեպտեմբերի 29-ից իր մայրիկի հետ գտնվում էր Երևանում, մինչև դեկտեմբերի 2-ը ծննդյան վկայական չէր կարողանում ունենալ: Արցախում էլ չկարողացան (օգնել), որովհետև այն հատվածը, որտեղ ծնվել է երեխան, փաստացի գտնվում է ադրբեջանական տիրապետության ներքո: Միայն հնարավոր եղավ սեփական հնարամտությամբ և ջանքերով փորձել բժշկին, ով ծննդաբերությունն ընդունել է, և հնարավոր եղավ դեկտեմբերի 2-ին երեխայի ծնունդը գրանցել: Այսինքն` այդպիսի հարցեր իրականում շատ են, դեպքերն էլ են բավականին շատ, և պետական համակարգը նման իրավիճակում իրապես անպատասխանատու, անկազմակերպ, շատ հաճախ ընդհանրապես անտրամաբանական է աշխատում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը, իր առաջին ասուլիսում թվարկելով աջակցության ծրագրերը, ընդունեց, որ երբեմն նաև ինֆորմացիայի տրամադրման խնդիրներ են լինում. «Հաշվի առնելով, որ այս ծրագրերն օնլայն հարթակում` նախարարության կայքէջի միջոցով է, ծառայության միջոցով է դիմում, նաև օնլայն հաստատում է, նաև որպեսզի այդ գործընթացը պարզեցնենք, երեկվանից նաև գործարկել ենք դիմում-բողոքների արագ արձագանքման հարթակ, և քաղաքացիներն, ովքեր ծրագրի շահառու չեն հանդիսանում, այդ հարթակում դիմում-բողոքներում նշելով իրենց հիմնավորումները, այդ ամենն էլեկտրոնային եղանակով Արցախի մեր գործընկերների հետ դիտարկվելու է, և այն անձինք, ովքեր շահառու չեն հանդիսացել, նույնպես նրանց մասով կրկնակի որոշում կկայացվի»:

Ընդհանուր առմամբ կառավարությունը 25 միլիարդ դրամ է հատկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները լուծելու համար։

XS
SM
MD
LG