Արցախի կարգավիճակի հարցը երբևիցե օրակարգից դուրս չի եղել։ Այս մասին հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպով-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճի մասին հարցին։
Փաշինյանը 44-օրյա պատերազմի ծագմանը վերաբերող իր վերջին հոդվածում պնդել էր, թե ռուսական առաջարկներով նախատեսվել են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ ու ռուս խաղաղապահների տեղակայում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ըստ վարչապետի, առաջարկությունների փաթեթը շրջանցում էր։
Իգոր Պոպովն, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշել էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով [երկրամասի] կարգավիճակը։ «Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջաններն ու մոռանալ կարգավիճակի մասին», - նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Նշենք, որ Պոպովի հետ համամիտ է նաևՀայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։ «Միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, և կավելացնեմ՝ եղել է և մնում է կարևորագույն սկզբունքը», - հայտարարել է Այվազյանը։
Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չի ցանկանում դիսկուրսի մեջ մտնել, ճիշտ ու սխալ փնտրել, բայց, ըստ նրա, չի եղել գեթ մեկ քննարկում, որի ընթացքում կարգավիճակի մասին խոսք չլիներ։
«Ես չեմ ուզում մտնել դիսկուրսի մեջ մտնել և դիտարկել այս հարցը, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ մեկին սխալ հանենք, մեկին ճիշտ հանենք, չէ։ Այնքան են մեր վերեքերը թարմ և չսպիացող, որ այսպիսի հարցերը՝ մեկը սենց ասեց, մյուսը՝ նենց պատասխանեց, սա երկրորդական է։ Ես կարող եմ ասել միայն մեկ բան, որ Արցախի կարգավիճակի հարցը միշտ քննարկվել է, երբևիցե օրակարգից դուրս չի եղել, երբևիցե, և չէր էլ կարող դուրս մնալ։ Ո՞նց կարող ենք մենք քննարկել տարբեր հարցեր՝ առանց կարգավիճակի՝ առանց կարգավիճակի բոլոր այդ նույնիսկ ցավոտ հարցերը քննարկելով և ինչ-որ կերպ միշտ պահելով օրակարգում։ Երբևիցե չի եղել այդպիսի ժամանակահատված, որտեղ կարգավիճակը չի քննարկվել և չի եղել որևէ փաստաթուղթ, որտեղ կարգավիճակի մասին որևէ խոսք չլիներ», - ասաց Բաբայանը՝ շարունակելով․ - «Գիտեք խնդիրն արտաքին քաղաքական և առհասարակ համապարփակ կարգավորման մասին է, կան պայմանավորվածություններ, որտեղ կարող է կարգավիճակը չներկայացվի, օրինակ, եթե զինադադար է հաստատվում։ Սրանք ռազմական փաստաթղթեր են և պարտադիր չէ, որ այդտեղ կարգավիճակի մասին խոսք գնա։ Բայց քաղաքական բոլոր փաստաթղթերը, բոլոր քննարկումներն, անխտիր ձևով, չի եղել գեթ մեկ քննարկում, որի ընթացքում կարգավիճակի մասին խոսք չգնար»։
Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև