Ինչու՞ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից․ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում այս հացերին է փորձել պատասխանել Նիկոլ Փաշինյանը։
«Պահը, երբ ԼՂ հարցում որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր», - վստահ է Փաշինյանը։
Նա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում վերջին տասը տարվա պատմական ակնարկ է անցկացրել ու անձանագրել, որ բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է:
«Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է», - գրում է Փաշինյանը։
«Բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր, որն, իհարկե, էական հաջողություն կլիներ, եթե այդ ժամանակը հնարավոր լիներ աշխատեցնել մեր օգտին: Բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմով, երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով, ժամանակ ձգելու դարաշրջանը նույնպես ավարտվեց: Ոչ այս փաստի բերումով, իհարկե, այլ այն հանգամանքով պայմանավորված, որ միջազգային սաստկացող կոնյունկտուրայի պայմաններում Ռուսաստանն արդեն հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակից է: Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ և անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ», կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը», - նշել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի, 2018 թվականից ի վեր հենց այս խնդիրների լուծմանն է միտված եղել իրենց բոլոր քայլերը։ Մասնավորպես շեշտադրում է Արցախին բանակցային գոծընթաց վերադարձնելու հարցն օրակարգ բերելու իրենց ջանքերը և հրապարակային հնչեցրած մի շարք այլ թեզեր, որոնց նպատակն էր բանակցային գործընթացը դուրս բերել տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից: «Եվ հենց այստեղ էր ձախողումը, որովհետև պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ», - գրում է վարչապետը։
«Սկզբունքային հարց է, իհարկե, թե ինչքանով է խելամիտ փորձել դիմադրել «շարժված» և արագություն հավաքած «գնացքին»: Իսկ ո՞րն է հակառակը: Հակառակը տարածքների հանձնումն է՝ ըստ էության ոչնչի դիմաց: Հիմա, իհարկե, հետահայաց կարելի է ասել՝ դա ավելի լավ է, քան այն, ինչ ունենք, առնվազն մարդկային հազարավոր կյանքեր փրկած կլինեինք: Բայց՝ հետահայաց: Հետահայաց՝ այդ նույնը կարելի էր անել 1997-ին, 2004-ին, 2011-ին, 2016-ին ի վերջո: Այո, կարելի էր անել նաեւ 2020-ին: Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու: Որ կպարտվենք պատերազմու՞մ», - գրել է Փաշինյանը։
Ոչնչի դիմաց տարածքներ հանձնելուց դեպքում էլ պատերազմը կսկսվեր ոչ, թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներից, կարծում է վարչապետը, ով գրում է. - «Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած՝ հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր և անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի»։
Իսկ հակափաստարկին, թե հողերի խաղաղ, բանակցային հանձնման պարագայում մեր բանակցային դիրքերը շատ ավելի ամուր էին լինելու, Փաշինյանը պատասխանում է․ - «Հաղթողի դիրք ունեինք, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում, որևէ անգամ օգտագործեինք հաղթողի այդ դիրքը՝ որևէ կոնկրետ արդյունք ապահովելու համար»:
Փաշինյանը պատասխանում է նաև այն մեղադրանքին, թե իր հայտարարություններով Ադրբեջանին զրկել է բանակցություններով արդյունքի հասնելու որևէ հույսից, ինչով պատերազմը դարձրել է անխուսափելի:
«Ուրեմն՝ ստացվում է, որ բանակցային գործընթացի ողջ իմաստն ու նպատակը, որ մարդիկ 20 տարի վարել են, եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ինքը բանակցություններով կարող է հասնել նրան, ինչին ուզում է հասնել պատերազմի միջոցով: Հենց սա՛ եմ ասում: Ասում եմ, որ 20 տարի վարած բանակցությունների նպատակը Ադրբեջանին հույս տալն է եղել, ես էլ, փաստորեն, Ադրբեջանին հուսախաբ անողը դարձա՝ մինչ այդ նրան տված հույսերի ֆոնին: Ադրբեջանին հույս տալու ռազմավարությունը վերջը ինչո՞վ էր ավարտվելու ու ե՞րբ: Մենք հույս էինք տալիս Ադրբեջանին, իսկ նա զենք էր գնում՝ զուգահեռաբար միջազգային տարատեսակ ատյաններում արձանագրելով Լեռնային Ղարաբաղի հարցը իր տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու «միջազգային խոսույթը», - գրել է վարչապետը:
Հուլիսյան մարտերը հիմք են տվելու ենթադրելու, որ հայկական կողմը կարող է չպարտվել Ադրբեջանին, դրանից հետո, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը հասկացել է, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ, ուստի Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում է կայացրեց:
Հոդվածի վերջում վարչապետը չի բացառում, որ այս ֆորմատով կանդրադառնա նաև 44-օրյա պատերազմին վերաբրեող այլ հարցերի ու հանգամանաքների։