Վերջին երկու օրերին մարտական գործողությունների տարածքներում ադրբեջանական կողմն արգելել է որոնողական աշխատանքներ իրականացնել։ «Ազատությանը» տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը՝ չբացառելով, որ արգելքը կապ ունի Շուշի Ալիևների այցի հետ։
«Ադրբեջանական կողմն ասաց, որ այս պահին աշխատանքներ են իրականացնում, և հավանաբար մենք էլ` որպես թշնամական կողմ, չեն ուզում, որ տեսնենք այդ ամենը, բայց ասացին, որ կշարունակվի հաջորդ օրը: Այսօր էլ մեր ջոկատները 5 ուղղություն էին պատրաստել, բայց էլի ընդհատվեց, կասեցվեց այդ աշխատանքը: Մենք կարծում ենք, որ դա կապված է Ալիևի` Շուշի այցի հետ», - նշեց Թադևոսյանը։
Մինչ օրս հայտնաբերվել է 1230 աճյուն, ինչպես նաև 9 ողջ մնացած` և՛ զինվորականներ, և՛ քաղաքացիական անձինք։
«Ոչ մի բանից տեղեկություն չունենք, եթե գոնե հստակ ասեն, որ հա, գիտեք` սենց ա... ոչնչով չեն զբաղվում, սպասում են, օրեր են անցնում, բայց էտ օրերն իրենց վրա չեն ազդում, էտ օրերն ազդում են մեզ վրա», - ասում է Մարիա Երկանյանը: Նա շուրջ 3 ամիս է` լուր չունի 19-ամյա որդուց։ Որտե՞ղ է որդին, ի՞նչ վիճակում, արդյոք գերության մեջ է. մի լուր ստանալու համար ամեն օր մի պետական մարմնից մյուսն են ուղարկում, բայց ոչ մի արդյունք. «Զանգում ենք Նիկոլ Փաշինյանի գրասենյակ, էնտեղից ուրիշ համար են տալիս, ասում են՝ զանգեք էտ համարով, ինքն է այդ պատասխանատուն, զանգում եմ մյուս համարով, էտ աղջիկն ասում է՝ մեզ մոտ չկա հլը, եթե պետք լինի, կկապվեն ձեզ հետ, ասում եմ` ո՞վ պետք ա կապնվի, Պաշտպանության նախարարությունից, բայց Պաշտպանության նախարարությունից ոչինչ չեն ասում: Արդեն չգիտեմ, Կարմիր խաչ դիմել ենք, դիմել ենք Պաշտպանության նախարարություն, դիմել ենք Ուլնեցու շտաբ: Այսօր էլ էլի ծնողներ կան, որոնք գնացել են Ղարաբաղ, էսօր են գնացել, փորձեն Մուրադովի հետ հանդիպեն, միգուցե Մուրադովը մեզ կօգնի՞, քանի որ մեր կառավարությունն ընդհանրապես մեզ տեղյակ չի պահում ոչ մի բանից: Ինչո՞ւ չպիտի մեր կառավարությունը զբաղվեր դրանով, ինչի՞ էտ թուղթն ստորագրելու ժամանակ գոնե 10 օր ժամանակ չուզեցին, որ գոնե էտ դիերը հանեին, վիրավորներին հանեին, ողջերին հետ բերեին»:
Նույնականացման գործընթացն էլ դանդաղում է։ Առողջապահության նախարարությունը թեև ձեռք է բերել ԴՆԹ հետազոտությունների 2-րդ սարքը, սակայն ոչ թե մեկ-երկու, այլ ավելի շատ սարքեր են հարկավոր, ասում է Երկանյանն ու շարունակում՝ դեռ ինչքա՞ն պետք է ծնողները մնան անորոշության մեջ. «Պետությունը գոնե արագ զբաղվի, հասկանա էլի, որ մենք երեխեքին չենք տվել իրենց նվեր, տվել ենք ծառայության, բայց ոչ մեկից ոչ մի տեղեկություն չեն տվել, ոչինչ չեն ասել, գոնե շուտ զբաղվեն, գոնե այդ գերիներին հետ բերեն: Մեր երեխեքին գտնեն, գոնե մեզ տան: 20 երեխա մի վաշտից հլը մեր վաշտից, ու լիքը մյուս տեղերից երեխեք կան անհետ կորած, հլը էտքան զոհեր են հանում, մի հատ ԴՆԹ-ի ապարատով ոչինչ չեն կարողանա անել, գոնե մի քանի ԴՆԹ-ի ապարատ պարտքով վերցնեն, բերեն, դնեն, ուղղակի բերեն, անեն ԴՆԹ-ները, հետո հետ կտանեն, գոնե էտ տեսքով: Բերեն, շուտ անեն, մենք հասկանանք, ասում են` սպասեք, չգիտենք` զոհված է, թե ողջ է, սպասեք: Մի օր երևի կգան էլի, իրենց համար դա սովորական բան է:
Սպասելն է ամենադժվարը, երբ որ դու կոնկրետ տեղեկություն չունես, բոլոր ծնողները հիմա չեն ապրում, գոյատևում են, ի՞նչ, ծնողները պռոստը պիտի նստե՞ն, սպասե՞ն, թե պետությունը երբ կհիշի, որ զբաղվի դրանով: Երբ որ հարցնում ես, ասում են` զբաղվում ենք, զբաղվում ենք, բայց ի՞նչով են զբաղվում, մենք չգիտենք: Ո՞նց են զբաղվում, որ արդեն 3 ամիս է, ո՞նց են զբաղվում ախր, ինչի՞ գերիներին պիտի այդքան ուշ հետ տային, իրենք դրանով էլ չեն կարողանում զբաղվել»: