Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկու երկրների սերտ փոխգործակցության փաստը նաև բազմակողմ ձևաչափերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ղազախստանն ունեն տնտեսության բնագավառում գործակցության մեծ ներուժ, որի իրացման գործում Նիկոլ Փաշինյանը նշել է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության և մասնավոր հատվածների միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:
Դեսպան Ուրազաևը վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում ևս բոլոր ջանքերը ներդնելու է հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելուն: Դեսպանը նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում երկկողմ կապերը շարունակական կերպով ընդլայնվել են բոլոր ոլորտներում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ պարոն Ուրազաևը նկատել է, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ 2020 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են 50 տոկոսով, ինչը լավ նախադրյալ է աճի տեմպերը պահպանելու ու զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական համագործակցության հեռանկարներին, ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: