Մատչելիության հղումներ

Ջհանգիրյանը ԲԴԽ անդամներին կոչ է անում տարիքային շեմի խնդիրն իրավաբանական տեսանկյունից քննարկել


Հավաքվել ու քննարկել. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներին նման կոչ է անում խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։ Որովհետև եթե, ինչպես ԲԴԽ նախագահն է պնդում, 65-ամյա Ջհանգիրյանը տարիքային շեմի պատճառով չի կարող ընտրվել այս պաշտոնում, ապա խնդիրներ են առաջանում նույն ընթացակարգով ժամանակին ԲԴԽ նախագահ ընտրված Գագիկ Հարությունյանի կայացրած որոշումների հետ։

Ջհանգիրյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո:

«Եթե իրենք այսօր հայտարարում են, որ նաև նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի այդ պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է այս օրենքին, Դատական օրենսգրքի դրույթներին, դա նշանակում է, որ այդ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները, բոլորը հակասահմանադրական են։ Ավելին, այդ դատարաններն ու այդ դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են և հետևաբար, դրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները բեկանելի են և ապօրինի են», - նշեց Ջհանգիրյանը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Սահմանադրությանն ու Դատական օրենսգրքին հղում անելով, նախօրեին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԺ-ն չի կարող ընտրել Ջհանգիրյանին, ով նույն օրենքները վկայակոչելով հակադարձում է՝ դատավորների համար տարիքային շեմ կա, Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամների համար՝ ոչ։ Իսկ եթե ԲԴԽ նախագահը համաձայն չէ այս պնդումների հետ ու ինչպես հայտարարել էր՝ կարծում է, որ այն ժամանակ ևս Գագիկ Հարությունյանի ընտրությունը եղել է օրենքի խախտմամբ, ապա ըստ Ջհանգիրյանի, խնդիրներ կառաջանա նաև Եվրոպական դատարանի հետ։

«Եթե այդ միտքն արտահայտած լիներ որևէ անհատ իրավաբան, ես կհասկանայի, բայց դա բարձրաձայնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը», - նշեց ԲԴԽ անդամի թեկնածուն։

Իսկ խորհրդի անդամներից Գրիգոր Բեքմեզյանի կարծիքով՝ հավաքվելու և քննարկելու կարիք չկա, քանի որ Ռուբեն Վարդազարյանն իր անձնական կարծիքն է հայտնել, ինքն, օրինակ, այստեղ որևէ իրավական խնդիր չի տեսնում. «Ես չեմ էլ կարծում, որ կարիք կա, որ ԲԴԽ-ն այդ հարցով կարծիք հայտնի։ Իմ անձնական տեսակետն այն է, որ ընդհանրապես ԲԴԽ-ի քննարկման խնդիրը չէ»։

«Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց՝ այստեղ օրենքի մեկնաբանության խնդիր կա և իրենց խմբակցությունում այն կարծիքին են, որ Ջհանգիրյանի լեգիտիմության հետ կապված խնդիր չկա։

«Որպես կոշտ օրենքի խախտում, որն իրապես կարող ենք ասել, որ պարոն Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել, չկա, սրանք մեկնաբանության հարցեր են», - նշեց Սամսոնյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն այդ մասով պարոն Ջհանգիրյանի լեգիտիմությունը կասկածի տակ չի՞ դրվի, ԼՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մենք համենայնդեպս չենք դնում»։

Ինչ վերաբերում է հարցին՝ խմբակցությունը կաջակցի Ջհանգիրյանի թեկնածությանը, թե կառաջադրի սեփական թեկնածուին, պատգամավորն ասաց. «Քանի որ այսօր հանդիպման ընթացքում ֆրակցիայի բոլոր անդամները չեն, որ ներկա են եղել, այս հարցը մենք դեռ լրացուցիչ պետք է քննարկենք»։

Ջհանգիրյանը պատրաստակամ է հանդիպել նաև խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության՝ ԲՀԿ -ի հետ։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց՝ իրենք ևս պատրաստ են և առաջիկա օրերին կփորձեն կազմակերպել նման հանդիպում։

Առաջիկա քառօրյային խորհրդարանը կքննարկի Ջհանգիրյանի թեկնածությունը։ Չնայած իշխանական խմբակցությունից վերջին շրջանի արտահոսքին, «Իմ քայլը» այս պահին ունի բավարար ձայներ սեփական թեկնածուին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու համար։ Անհրաժեշտ է առնվազն 80 կողմ ձայն, «Իմ քայլում» 83 պատգամավոր կա։

10 հոգանոց ԲԴԽ-ում երկու թափուր տեղ կա, երկու անդամներին էլ խորհրդարանը պետք է ընտրի։ Իշխանությունն իր մյուս թեկնածուի անունը դեռ չի հրապարակում։

XS
SM
MD
LG