Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին


Մոտ մեկուկես ժամ տևած փակ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին կառաջադրեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։

Լրագրողները Ջհանգիրյանին հիշեցրեցին իր ու Նիկոլ Փաշինյանի ՀԱԿ խմբակցության տարիների վեճերը, փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները` Փաշինյանը Ջհանգիրյանին անգրագետ էր անվանում՝ ի պատասխան նրա հեղինակած նախագծին տրված նույնանման գնահատականներին։ Հարցին, թե նրա իշխանության օրոք ինչպե՞ս ընդունեց առաջարկը, Ջհանգիրյանը պատասխանեց․ - «Ես համաձայնել եմ թվապես թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ։ Ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։ Ես ուրախ կլինեմ, որ հենց էսօր ևեթ ԲՀԿ խմբակցությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս ինձ առաջադրի։ Մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելու»։

Ընդդիմադիրների կալանավորման միջնորդությունների մերժումից հետո իշխանականները դատավորների հասցեին մեղադրանքներ են հնչեցնում՝ վարչապետը նրանց փսևդոէլիտա անվանեց, Արդարադատության նախարարը մեղադրեց ոչ օբյեկտիվ որոշումների համար։

Ջհանգիրյանը դա ճնշում չի համարում, իսկ որոշ դատավորների որոշումների հետ անհաշտ է. – «Այ, օրինակ, ես չեմ հասկանում, երբ որ ռազմական հեղաշրջման, զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են խափանման միջոցը կալանք կիրառելու, և դատարանը էդ մարդուն բաց է թողնում»։

Մինչև 2008-ի փետրվար Գագիկ Ջհանգիրյանը տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել․ Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում Արդարադատության փոխնախարար է եղել, Քոչարյանի ժամանակ՝ զինդատախազ ու գլխավոր դատախազի տեղակալ։ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությանը միացած Ջհանգիրյանը ազատվեց աշխատանքից, դատապարտվեց Մարտի մեկի գործով, տասը տարի անց արդարացվեց։

Ինչո՞ւ Ջհանգիրյանը։ Իրավապաշտանները նրա թեկնածության շուրջ արդեն մտահոգություններ են հնչեցնում՝ իշխանությունը հերթական խնդրահարույց անցյալով թեկնածուի է առաջադրում։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է Ջհանգիրյանի թեկնածությանը բացասական վերաբերում։ Պնդեց, որ նրա պաշտոնավարման տարիներին հանցագործություններ են կոծկվել։ Իրապաշտպանը հիշատակեց Մատաղիսի աղմկահարույց գործը, որի քննությունը Ջհանգիրյանի զինդատախազ եղած տարիներին է կատարվել։ Ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողները տարիներ անց արդարացվեցին։ Այդ գործով նաև ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի վճիռ կա։

«Մատաղիսի գործը դա ակնհայտ անմեղ երիտասարդներ էին դատվում, և էլի կան դատապարտյալներ, որոնք Ջհանգիրյանի առաջադրած մեղադրանքով շարունակում են մնալ բանտերում։ Եվ լավ կլիներ, որ «Իմ քայլը» և նրա առաջնորդը, որը փայլուն գիտի, թե ինչպես է աշխատել Գագիկ Ջհանգիրյանը, փորձեն իրոք մաքրել դատական համակարգը, բարեփոխել», - ասաց Ալեքսանյանը։

«Ես իմ կարծիքը չեմ փոխում, որ էդ անձնավորություններն են հանցագործները։ Բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան։ Չէ՞ որ 2008 թվականին ինձ մեղադրել էին ոստիկանին հրելու համար․․․ բա թող գտնեին մի լուրջ մեղադրանք, մի պաշտոնական դիրքի չարաշահում, մի չգիտեմ ինչ, սպանությունների կոծում, և ինձ լուրջ մեղադրանքով դատեին երկարաժամկետ ազատազրկմամբ», - հեռակա հակադարձեց Ջհանգիրյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասում է, որ իրենք առաջնային են համարել Ջհանգիրյանի մասնագիտական որակները. – «Մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ, և սա առաջնային դերակատարում է ունեցել»։

Չնայած իշխանական խմբակցությունից վերջին շրջանի արտահոսքին, «Իմ քայլը» այս պահին ունի բավարար ձայներ սեփական թեկնածուին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու համար։ Անհրաժեշտ է առնվազն 80 կողմ ձայն, «Իմ քայլում» 83 պատգամավոր կա։

Բայց Ազգային ժողովը չի կարող ընտրել 65-ամյա Ջհանգիրյանին․ այդ կարծիքին է, որոշ հրապարակումների համարձայն իշխանությունների հետ լարված հարաբերություններ ունեցող ԲԴԽ գործող նախագահը։ Ռուբեն Վարդազարյանը Սահմանադրությանն ու Դատական օրենսգրքին է հղում անում, իսկ Ջհանգիրյանը նույն օրենքները վկայակոչելով հակադարձում է՝ կարող է, Վարդազարյանը լավ չի ուսումնասիրել օրենքը, դատավորների համար տարիքային շեմ կա, Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամների համար, ըստ Ջհանգիրյանի՝ չկա։

Հարցին, թե ինչպես կբացատրի 1948 թվականին ծնված Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումը նոր Դատական օրենսգրքի ընդունումից հետո, Վարդազարյանն արձագանքեց․ - «Գտնում եմ, որ այն ժամանակ ևս Գագիկ Հարությունյանի ընտրությունը եղել է օրենքի խախտմամբ։ Դատավորներ եղել են, որոնք արձագանքել են, հատուկ դիմումով դիմել են Բարձրագույն դատական խորհրդին՝ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով։ Այդ իսկ պատճառով ես չեմ դիմել, քանի որ այլ դատավորներ արդեն դիմել էին»։

Իսկ Գագիկ Ջհանգիրյանն այդ առնչությամբ ասաց․ - «65 տարին իրավաբան գիտնականի համար ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ դատական օրենսգրքով նախատեսված չէ»։

10-ը հոգանոց ԲԴԽ-ում երկու թափուր տեղ կա, երկու անդամներին էլ խորհրդարանը պետք է ընտրի։ Իշխանությունը իր մյուս թեկնածուի անունը դեռ չի հրապարակում։ Հնարավոր է, որ քվեարկությունները հենց հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյայում էլ կազմակերպեն։

«Լուսավոր Հայաստանը» չի բացառում, որ ԲԴԽ անդամի պաշտոնում կարող է թեկնածու առաջադրել, ԲՀԿ-ն դեռ իր ծրագրերի մասին չի հայտարարել։ Ջհանգիրյանը ընդդիմադիրներն էլ է ծրագրում հանդիպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG