Ինչո՞ւ Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ղեկավար, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին որոշեց ընդմիշտ լքել քաղաքականությունը։ Թբիլիսիում երեկվանից քննարկում են թեման, փորձելով հասկանալ՝ արդյո՞ք Իվանիշվիլին կրկին որոշել է ստվերային դերակատարություն ստանձնել, թե՞ իսկապես վստահ է, որ իր քաղաքական թիմի անդամները այլևս ի վիճակի են ինքնուրույնաբար լուծել Վրաստանի առջև ծառացած խնդիրները։
Հիշեցնենք, քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին Իվանիշվիլին տեղեկացրեց նախօրեին կուսակիցներին ուղղված բաց նամակով։
«2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններում «Վրացական երազանք»-ի համոզիչ հաղթանակը երկրի պատմության նոր փուլի հիմքը դրեց», - գրում էր Իվանիշվիլին՝ ընդգծելով․ - «Ես իմ առաքելությունը իրականացված եմ համարում։ Այս պահից լքում եմ թե՛ կուսակցության ղեկավարի պաշտոնը և թե՛ «Վրացական երազանք»-ի շարքերն ընդհանրապես՝ վերադառնալով մասնավոր այն կյանքին, որ վարում էի մինչև 2011 թվականը»։
Վրացական ընդդիմության առաջնորդները, մինչդեռ, համոզված են՝ Իվանիշվիլին շատ լավ զգացել է, որ երկրի առջև ծառացած խնդիրները սրընթաց կերպով խորանում են, ուստի որոշել է պարզապես խուսափել պատասխանատվությունից։
«Ես սա կանվանեի հայտարարված փախուստ։ Իվանիշվիլին չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել՝ գերադասելով այն դնել «Վրացական երազանք»-ի ուսերին և հեռանալ՝ կրկին հայտնվելով ստվերում։ Վրաստանը կանգնած է դեֆոլտի իրական վտանգի առջև, պետական պարտքը միլիարդների է հասնում՝ մոտենալով Սահմանադրությամբ ամրագրված առավելագույն շեմին։ Այդ ամենի պատասխանատվությունը, բնականաբար․ առաջին հերթին հենց նրա վրա է։ Իվանիշվիլին, սակայն, նամակի մեծ մասը նվիրում է Ազգային միացյալ շարժման քննադատությանը, քանի որ այլ ասելիք Վրաստանի քաղաքացիներին չունի», - հայտարարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խաթիա Դեկանոիձեն։
Մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ «Եվրոպական Վրաստան»-ի ներկայացուցիչ Գիգի Ուգուլավան վստահ է՝ «Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռացումը որևէ բան չի փոխում»։
«Այս հայտարարությունը թուլության և անպատասխանատվության ծայրահեղ դրսևորում է։ Անպատասխանատու քայլ է, երբ միլիարդատերը ութ տարի շարունակ կառավարում է երկիրը, և նրա կառավարումից հետո երկրի պարտքը եռապատկվում է՝ պարտք, որ պետք է վճարեն մեր զավակներն ու թոռները», - հայտարարում էր Ուգուլավան։
Իշխող կուսակցության ներկայացուցիչները, այդուհանդերձ, վստահ են՝ Բիձինա Իվանիշվիլին հերթական անգամ ի ցույց դրեց իր անշահախնդիր դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում։
«Սա շատ կարևոր օրինակ է, թե ինչպես կարելի է թողնել իշխանությունը մի իրավիճակում, երբ առաջին անգամ երկրի պատմության մեջ իշխող ուժը երրորդ անգամ անընդմեջ ստանում է քաղաքացիների աջակցությունը, երբ երրորդ անգամ անընդմեջ քեզ երկիրը կառավարելու մանդատ են տալիս։ Տեղի ունեցածը շատ կարևոր օրինակ է մեր երկրի հետագա զարգացման համար», - հայտարարում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
Բիձինա Իվանիշվիլին մեկ անգամ արդեն հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին։ Դա տեղի էր ունեցել 2013 թվականին՝ մեկ տարի վարչապետի պաշտոնում աշխատելուց հետո։ 2018-ի մայիսին, սակայն, Իվանիշվիլին կրկին վերադարձավ քաղաքականություն։ Այդ անգամ նա որոշեց զերծ մնալ պետական որևէ պաշտոն զբաղեցնելու գաղափարից՝ սահմանափակվելով իշխող կուսակցության ղեկավարի պարտականություններով։