Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը հեռանում է քաղաքականությունից


Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ լքում է քաղաքականությունը։ Նախորդ տարվա հոկտեմբերին Իվանիշվիլիի կուսակցությունը հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 48 տոկոսի քվեները։

«Ես որոշել եմ վերջնականապես լքել քաղաքականությունը և ամբողջությամբ հեռանալ իշխանությունից։ Ես լքում եմ կուսակցության ղեկավարի պաշտոնը, ինչպես և կուսակցությունը և վերադառնում եմ իմ անձնական կենսակերպին, այնպես ինչպես մինչև 2011-ն էր», - հայտարարել է Իվանիշվիլին։

Հունվարի 11-ին հրապարակված նամակում Բիձինա Իվանիշվիլին գրել է, որ իր առաքելությունն ավարտված է համարում՝ վստահ լինելով, որ «Վրացական երազանք»-ի թիմը «արժանի կերպով» կկարողանա փոխարինել իրեն։

Վրաստանի ամենաազդեցիկ մարդը համարվող Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ իր այս որոշման համար նշանակալի դեր է ունեցել իր՝ մի քանի շաբաթից 65 տարեկան դառնալու հանգամանքը։

«Ես լքում եմ քաղաքականությունը հպարտ, հաղթական կերպով և շնորհակալ ժողովրդին», - ասել է Իվանիշվիլին և համոզմունք հայտնել, որ ճանապարհ բացելով երիտասարդ սերնդի քաղաքական գործիչների համար, ոչ միայն չի թուլացնի իր կուսակցությունը, այլև ավելի ուժեղ, կենսական և մոտիվացված կդարձնի այն։

Քաղաքականությունից հեռանալու մասին ևս մեկ անգամ Իվանիշվիլին հայտարարել էր 2013 թվականին։ Խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակից մոտ մեկ տարի հետո նա հայտարարեց, որ իր առաջադրանքը կատարել է և լքեց երկրի վարչապետի պաշտոնը։

Քաղաքականությունը լքելու մասին հայտարարելուց 5 տարի անց՝ 2018 թվականին, սակայն, Իվանիշվիլին հայտնեց որ վերադառնում է՝ «հանուն երկրի բարօրության»։ Վրաստանի ընդդիմությունը մշտապես պնդել է, թե անկախ քաղաքական պաշտոնի բացակայությունից, հենց Իվանիշվիլին է ստվերում ղեկավարում երկիրը։

64-ամյա Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է։ «Ֆորբսի» համաձայն՝ 4,8 միլիարդ դոլար իր ունեցվածքի մի մասը նախկին քաղաքական գործիչը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 90-ականներին հանքաարդյունաբերության և բանկային համակարգի ոլորտներում գործարքների շնորհիվ։ Նրա ընդդիմախոսները քաղաքական գործչին մշտապես մեղադրել են Կրեմլի աջակիցը լինելու մեջ, սակայն բոլոր նման պնդումները Իվանիշվիլին հերքել է, խոսելով Վրաստանի եվրո-ատլանտյան ինտեգրման անհրաժեշտության և եվրոպական ուղու մասին։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իվանիշվիլիին որպես կուսակցության ղեկավար, ամենայն հավանականությամբ, կփոխարինի այժմ կուսակցության գործադիր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Կոբախիձեն։ Կոբախիձեն նախկինում զբաղեցրել է երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ 2019-ի հունիսին նա ստիպված եղավ հրաժարական տալ այն բանից հետո, երբ ռուս պատգամավորներից մեկի պահվածքը Վրաստանի խորհրդարանում բողոքի ալիք բարձրացրեց երկրում և բազմահազարանոց ցույցերի պատճառ դարձավ Թբիլիսիում։

Արեն Մելիքյան

XS
SM
MD
LG