Մոտավորապես 70-80 հազար մարդ արդեն վերադարձել է Արցախ, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
«Հաշվարկները տարբեր են, այն տվյալները, որոնք մենք ենք ստանում, համադրելով ես ունեմ տպավորություն, որ մոտավորապես 70-80 հազար մարդ արդեն վերադարձել է Արցախ», - նշեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը։
Մանե Թադիլյանն ասաց, որ Արցախում աշխատողներից կեսից ավելին պետական աշխատողներ են, և հետևաբար այն բոլոր գերատեսչությունների աշխատակիցները, որոնք տեղակայված էին այժմ Արցախ վերահսկողությունից դուրս գտնվող տարածքում, այս պահին շարունակում են լինել գրանցված աշխատող։ «Օրերս, երևի թե հենց վաղը կհրապարակենք այդ մասին՝ անում ենք ծրագիր, որով գործատուներին, տնտեսվարողներին աջակցելու ենք եկամտային հարկի չափով՝ որպես աջակցություն աշխատատեղը պահպանելու համար, որը նշանակում է՝ պետությունն իր վրա է վերցնելու որոշակի բեռ այդ աշխատատեղի պահպանումն առնվազն վեց ամսով», - ասաց Թանդիլյանը։
Անդրադառնալով օգտատերերի հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ նա լքեց Հայաստանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, Թանդիլյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այս պահին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լավ ձեռքերում է։ Ես համոզված եմ, որ օպերատիվ աշխատանքը, որ նախարարն իրականացնում է և գերատեսչությունը, մենք համատեղ ենք անում և ես տեսնում եմ, որ նույն լեզվով ենք խոսում։ Երբ ես դադարեցրի իմ աշխատանքը որպես Հայաստանի սոցիալական հարցերի նախարար, ես փորձել եմ պարզաբանել, դա քաղաքական պաշտոն է, և երբ որ արդեն նոր ընտրություններ են տեղի ունենում և ես մասնակցում եմ այդ ընտրություններին այլ թիմով, սխալ եմ համարում պաշտոնավարել»։
Իսկ թե ինչո՞ւ Հայաստանում դադարեցրեց ակտիվ քաղաքական գործունեությունը, Թանդիլյանն արձագանքեց՝ առողջական խնդիրների պատճառով։
«Պատերազմը, կարծում եմ, ոչ միայն իմ, այլև բոլորիս կյանքում առաջնահերթություններ է փոխել։ Երբ որ ես այցելեցի Արցախ, խոսեցի Արցախի նախագահի հետ, իմ ապրելու, աշխատելու ցանկությունը հայտնեցի իրեն և տեղեկացրի, որ ինչքան ժամանակ պետք է մնամ Հայաստանում, հենց Արցախում եմ ապրելու, և եթե կարիք կլինի որևէ հարցում իմ օժանդակության, ես պատրաստ եմ», - ասաց նա։
Իսկ թե ունի՞ մտադրություն վերադառնալ Հայաստանում քաղաքականություն և կմասնակցի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կազմակերպվեն, Թանդիլյանը նշեց. «Իրականում ես փորձում էի վերականգնվել և էլ ավելի ակտիվ լինել քաղաքականության մեջ, որովհետև կարծում եմ, որ մեր երկրների ամբողջ ողբերգությունն ու դժբախտությունը, ինչ մեզ պատահում է քաղաքական կյանքից է գալիս, և մեր ժողովուրդն արժանի չէ այն ամենին, ինչ կատարվում է մեր քաղաքական համակարգում։ Ես թեպետ ուզում էի ամբողջությամբ կազդուրված վերադառնալ, բայց ինչպես ասում են՝ միշտ չի, որ մեր ենթադրությունների պես է տեղի ունենում, ցավոք սրտի, ես ստիպված եղա որոշ ժամանակով հետաձգել այլ հարցեր և առաջնահերթություն տալ նորից քաղաքական խնդիրներին։ Հետագայում, երբ որ ես կտեսնեմ, որ աշխատանքներն այնպես են կատարել Արցախում, որ մենք կկարողանանք բնականոն ձևով այստեղ շարունակել այն գործերը, որ նախաձեռնել ենք, դիտարկելի է յուրաքանչյուր բան»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.