Մատչելիության հղումներ

Թավշյա մեթոդներով պատերազմ չեն հաղթում, շեշտում է Ժիրայր Սեֆիլյանը


Թավշյա մեթոդներով պատերազմ չեն հաղթում, պնդում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Ստորև՝ հատված նրա հետ «Ազատության» հարցազրույցից

«Ազատություն»․ - Որպես ռազմական գործիչ՝ պատերազմի այս ելքի գլխավոր պատճառը ո՞րը կնշեք։

Ժիրայր Սեֆիլյան․ - Առաջին օրերին արդեն պարզ էր, թե մենք ինչպիսի մարտավարություն պետք է վարենք։ Դժբախտաբար, առաջին օրվա սկսված սխալ մարտավարությունը մինչև 45-րդ օրը մենք շարունակեցինք, և այդ պատճառով է, որ մենք այսպիսի խեղճ վիճակում հայտնվեցինք։ Այսինքն՝ չորրորդ, հինգերորդ օրվանից արդեն ամեն ինչ պարզ էր, և մենք կարող էինք մեր մարտավարությունը հանգիստ փոխել, և, ինչու չէ, նաև ճիշտ հրամանատարական, կադրային ճիշտ քաղաքականություն վարելով և համապատասխան պատերազմի մթնոլորտ ստեղծելով։

Թավշյա պատերազմ էր այս։ Տասնյակ, հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ, երբ ուզում էին՝ զենքը թողնում էին, երբ ուզում էին՝ վերցնում էին։ Այսպես պատերազմ չի լինում։ Ահավասիկ, նաև այս ապիկարության պատճառով է եղել այդ ամեն ինչը։

Պատերազմը ունի իր կանոնները, առաջին հերթին՝ երկաթյա կարգապահություն, երբ որ դու դա չես վարում, այսպես է լինում։ Այսինքն, Արցախում ինչ պետք է լիներ՝ Արցախում թոշակառու գեներալներ ունենք, ամեն մեկը ինչ-որ հեղինակություններ են, փորձ ունեն, առաջին օրվանից էդ բոլորին պիտի հստակ հանձնարարություն տրվեր՝ ամեն մեկին կցելով հստակ որևէ շրջան, ասելով, որ «գլխովդ պատասխան ես տալու, որևէ սանտիմետր եթե նահանջես», և ով որ այս հանձնարարությանը չէր ենթարկվի, գլխով պետք է պատասխան տար՝ պատերազմի օրենքներով։ Երբ որ այս կարգը չի լինում, պատերազմը տանուլ ես տալիս։

Ուզում եմ ասել, որ ոչ միայն այս չեղավ, ոչ միայն, մարտավարության մասին խոսեցինք, ես չեմ ուզում խորանալ, հաստատ լուծումը կար, այսօր էլ կա, այլ նաև հակառակը տեղի ունեցավ, այսինքն՝ երբ որ մենք երկար ժամանակ, երկար տարիներ խոսել էինք լյուստրացիայից, մենք խոսել էինք՝ այն շրջանակները, որոնք ոճիրներ են գործել մեր ժողովրդի նկատմամբ, նրանց պատժելու, նրանց քաղաքական դաշտից հեռացնելու առաջարկություններ ենք արել տվյալ իշխանություններին, նրանք ոչ մի բան չեն արել։ Այդ պատճառով նաև, ըստ էության, պատերազմի ընթացքում Արցախում գործել է աներևույթ մի կառույց, որը օժանդակել է մեր պարտությանը։

«Ազատություն»․ - Դուք ղեկավարել եք Շուշիի առանձնակի գումարտակը։ Այս պատերազմի տարակուսելի, առեղծվածային դրվագներ որպես շատ բնորոշվում է՝ հենց բերդաքաղաքի անկումն էր, ընդհուպ՝ դավադրություն, դավաճանություն է որակվում, Դո՞ւք ինչ կասեիք։

Սեֆիլյան․ - Պատճառների մասին ասեցինք՝ ինչու այսպես տեղի ունեցավ։ Որ Շուշին հնարավոր էր պահել՝ վստահ եմ, որ հնարավոր էր պահել։ Որ այդ ամեն ինչին, այդ կորուստներին որ մեծ դերակատարում է ունեցել ընդհանուր խուճապը, դա ևս փաստ է, և պատերազմներում ամենակարևոր հանգամանքներից մեկն է՝ խուճապ եթե լինում է, արդեն պարզ է՝ արդյունքը ինչ է լինում։

«Ազատություն»․ - Նաև բանակի համալրման հարցը այս շարքում կտեղավորվեր, գիտեք, նաև Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա քրեական գործ էր հարուցվել, և Դատախազությունն ասում է, այնուամենայնիվ, չհամալրելու որոշման փաստաթուղթ իրենց ձեռքի տակ չկա։

Սեֆիլյան․ - Նախ ասեմ, որ գլխավոր պատճառը այս ամեն ինչի, պարտության, այն էր, որ մենք բանակ չենք ստեղծել, որ պատերազմի։ Դա, ես կասեի, 95-96 թվականից սկսյալ։ Բանակի վրա մեղքը գցել ես համարում եմ ճիշտ չէ, որովհետև պատերազմող բանակ ստեղծելու հանձնարարությունը պիտի քաղաքական ղեկավարությունը տար։ Ոչ մի նախորդ իշխանություններ այս խնդիրը չեն․․․ բանակը պահպանել են ընդամենը երկրի ներսում իրենց վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG