Մատչելիության հղումներ

Արցախ բնակության մեկնող Հակոբը բարձրաձայնում է հանձնված տարածքներում ամենաթողության ու թալանի մասին


Վանաձորցի Հակոբ Միկոյանը որոշել է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ՝ բնակության։ Այնտեղ անելիքը շատ է, ասում է. «Այնտեղ որպես կամավոր եմ գնում, ես չեմ ուզում մնալ հայաստանյան իրականության մեջ, երբ որ աթոռակռիվ է գնում Հայաստանում, բայց մարդիկ ռեալ կարիքի մեջ են Արցախում: Միակ առաքելությունը, որ տեսնում եմ այս պահին, մարդկանց օգնելն է, ինչով կարող եմ տվյալ պահին»:

Պատերազմից հետո որպես կամավոր շրջել է Ղարաբաղի այն բնակավայրերում, որտեղ մի քանի օր ու ժամ էին տվել մարդկանց՝ ունեցածը տեղահանելու համար։ Ասում է՝ աչքի տեսածով համոզվեց, որ այդ հարցում տեղացիները պետական մակարդակով աջակցություն այդպես էլ չունեցան։ Գործը շատ թե քիչ գլուխ եկավ միայն կամավորների շնորհիվ. «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչև վերջ վստահեցնում էին, որ ամեն ինչ այնտեղ կազմակերպված է, ու տեղում ես համոզվեցի, որ ոչ մի բան կազմակերպված չի ռեալ: Հա բեռնատարները եկել են, բայց եկել են, հիմնականում պարապ կանգնել են, եկել են, մի գյուղապետի ասել են` ինչո՞վ օգնենք, գյուղապետն ասել է` դե ջարդված փայտ ունեմ կամ շինանյութ ունեմ, հանած պատուհաններ, եսիմ ինչ, ոնց, իր մտերիմների և իր գույքն է տարել: Այնտեղ կաթսայատներ կային, որ ամեն մեկն ամենաքիչն եմ ասում` երևի 10 հազար դոլար արժողությամբ կաթսայատներ էին, ու դրանք բավական մեծ վառարաններ էին, այսինքն` այդ գողացողները չէին կարող առանց կռունկի կաթսաները տանել, մինչև վերջ մնաց: Կոնկրետ Մարտակերտի շրջանում լավագույն տարբերակն եմ ասում, 40 տոկոսը մնաց տեղում մարդկանց գույքի: Դա լավագույն տարբերակն եմ ասում, մի քիչ ավելի խիստ վերաբերվեմ, 60 տոկոսը մնաց»:

Հակոբն իր ընկերների հետ Քարվաճառի ու Մարտակերտի բնակավայրերում ամենուր առերեսվել է թալանի հետ։ Ասում է՝ ոչ ոք այդպես էլ չզբաղվեց պետական գույքը փրկելու հարցով. «Երբ որ կռունկը բեռնում է ինչ-որ մի համայնքապետի համար էլեկտրական սյուներ, դա իմ աչքով եմ տեսել, ու ոչ միայն ես եմ դա տեսել, եթե ինքը կարողանում է իր համար էլեկտրական սյուներ բեռնի, բայց չի կարողանում պետական գույք փրկի, եթե ես չտեսնեի, որ այդ համայնքապետն այդ կռունկն օգտագործում է իր անձնական շահերի համար, միգուցե լռեի, բայց երբ որ տեսնում եմ, որ օգտագործում է իր անձնական շահի համար, բայց պետության համար մատը մատին չի տալիս այդ համայնքապետը, այստեղ արդեն ուրեմն մենք անելիքներ ունենք: Ու այդ ամեն ինչի ֆոնին` ինձ մոտ տպավորություն էր, որ բոլորն սպասում են այդ ամեն ինչին, որ կարողանան ինչ-որ ձևով օգուտ քաղել այդտեղից»:

Վանաձորցի կամավորը հատ առ հատ արձանագրել է ավտոմեքենաների պետհամարանիշերը, որոնք Քարվաճառի գերհագեցած դպրոցներից գույք էին հանում։ Ցավոք, հետո պարզել է, որ դրանք փրկելու նպատակ չի եղել։ Ասում է՝ նորակառույց «Արմատ» լաբորատորիաների տնօրենը Քարվաճառի դպրոցի համակարգիչներից մինչև այսօր էլ լուր չունի։ Հակոբը թալանի մասին ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները փոխանցել է Լեռնային Ղարաբաղի իրավապահներին։ Իր աչքով տեսածի մասին օրերս նաև վկայություն է տվել Ղարաբաղի գլխավոր դատախազությունում։ Ասում է՝ անգամ կասկածներ ունի, որ այս հարցում Ղարաբաղի շատ պաշտոնյաներ պարզապես չարաշահել են իրենց լիազորությունները։ Իր կասկածների մասին ևս մտադիր է բարձրաձայն խոսել. «Եթե մենք տարիներ շարունակ մտածեինք այն մտածողությամբ, որ մեր մտածածը պետք է բարձրաձայնվի, ու դրա դեմը պետք է առնվի, մենք այսօր չէինք ունենա այդ պարտությունը: Այսինքն` մեր ժողովրդի մեջ բացակայում է հենց այդ պետական մտածողությունը, որի առկայության դեպքում մենք չէինք ունենա տվյալ իրականությունը: Այդ պարտությունը, որ մենք ունեցանք, հաստատ յուրաքանչյուրիս մեղքը դրա մեջ կա, ձևական շատ բաների մեջ ենք եղել»»

Պատմում է` Քարվաճառի շրջանի վարչական շենքի սենյակներում տեսել է հատակին թափված բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, այդ թվում` սեփականության վկայականներ։ Ասում է՝ խնամքով պահել է՝ համոզված, որ մի օր դրանց հետևից եկողներ լինելու են:

Կամավորներով անցել են դպրոցից դպրոց, մշակույթի կենտրոն ու վարչական շենքեր։ Տեղում գտել են միայն այն, ինչ թալանչիների համար արժեքավոր չի եղել։ Իր հաշվարկներով, միայն Քարվաճառի մշակույթի կենտրոնում անգամ թալանից հետո մոտ 15 միլիոն դրամի գույք կար։ Չհանվեց, ու հաջորդ օրն արդեն դա էլ հնարավոր չեղավ փրկել, տարել էին. «Կարողացել եմ Շահումյանի շրջանից տարհանել մոտավորապես գյուղական համայնքների արդեն իսկ թալանված դպրոցներից որոշակի գույք, որոնք վստահաբար այս պահին այդքան էլ առաջին հայացքից կարևոր չեն թվում, կարևոր են ավելի շատ այն մարդկանց կյանքերը, որ այլևս չկան, բայց գտա, որ մեր պետությունն այնքան հարուստ չի, որ մենք կարողանանք մի ամբողջ դպրոցի գույք թողնենք և գանք»:

Քարվաճառի կիսավեր դահլիճում դաշնամուրի խունացած ստեղներից վերջին ակորդները կամավորների կատարմամբ մինչև այսօր էլ լսվում են ականջներում։ Ասում է՝ դեռ երկար կհիշվեն մի կերպ արտաբերվող այդ հնչյունները։

XS
SM
MD
LG