Ինչո՞ւ, ինչպե՞ս սկսվեց պատերազմն, ու ի՞նչ պատճառով պարտություն կրեց հայկական կողմը. «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ստեղծել պատերազմի պատճառներն ու պարտությունն ուսումնասիրող փաստահավաք խումբ։
«Հայաստանում և սփյուռքում հայ ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն այն է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ դիվանագիտությունը տապալվեց, կամ դիվանագիտությունը չկարողացավ կանխել պատերազմը, այդ ինչպե՞ս եղավ, որ պատերազմը սկսվեց, այդ ինչպես՞ եղավ, որ պատերազմում այսքան անկառավարելի կամ վատ կառավարվող իրավիճակներ ունեցանք և ինչո՞ւ պարտվեցինք», - ասում է ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Վերջինս համոզված է` փաստահավաք խմբի միջոցով հանրությունը կստանա շատ հարցերի պատասխաններ։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ տարբեր ուժերի կողմից հնչող մեղադրանքները` այս կամ այն կողմին ուղղված. ավելի շատ հարցեր են առաջացնում, քան հանրությանն իրապես մոտեցնում ճշմարտությանը. «Խումբը պետք է աշխատի և եզրակացություն կազմի նախապատերազմյան շրջանի, պատերազմի հետ կապված, և մեր հերոսների ծնողները, զինվորների ծնողները, բոլորը պետք է իմանան, թե ինչ է տեղի ունեցել»:
«Լուսավորի» առաջարկած նախագծով փաստահավաք խմբում ներկայացված կլինեն ոչ միայն 3 խորհրդարանական խմբակցությունները՝ 4-ական ներկայացուցիչով, այլև վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը զբաղեցրած ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Մենք» դաշինքը։ Նրանցից մեկական ներկայացուցիչ կլինի խմբում: Նախատեսվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս կմասնակցի աշխատանքներին. «10 ամիս ենք մենք նախատեսել: Չեմ բացառում, որ քննարկումների արդյունքում ավելի երկար ժամանակ նախատեսենք, որովհետև ակնհայտ է, որ աշխատանքի ծավալը շատ մեծ է լինելու»:
Խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները դեռ ծանոթ չեն «Լուսավոր Հայաստանի» առաջարկին, նոր են ստացել նախագիծը։ Իշխանական «Իմ քայլից» ու ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանից» հայտնեցին՝ կուսումնասիրեն, այնուհետև կհայտնեն իրենց դիրքորոշումը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն անհրաժեշտ է համարում նման խմբի ձևավորումը, ասում է՝ պատերազմը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որ պատասխանների կարիք ունեն. «Այս բոլորն անհրաժեշտություն ունի քննարկման` ա) մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, բ) հետագայում նման իրավիճակներ կանխելու նպատակով և վերափոխումներ, փոփոխություններ իրականացնելու համար»:
Իրավապաշտպանը կարևորում է, որ փաստահավաք խմբի գործունեության համար հստակ ժամկետներ նախանշվեն։ Ասում է՝ քաղհասարակության շրջանում էլ է քննարկվել նման խմբի ձևավորման անհրաժեշտությունը. «Այլապես դա կլինի անիմաստ, ինչպես որ 2016-ի պատերազմինը եղավ անիմաստ և անբովանդակ. մինչև այսօր մենք չունենք հրապարակում: Եթե մենք, վստահ եմ ավելի քան, որ եթե 16 թվականին ունենայինք այդպիսի հանձնաժողով, որը կքննարկեր, բացահայտումներ կաներ, մեղավորներին պատասխանատվության կենթարկեր, մենք այպիսի իրավիճակ գուցե չունենայինք»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համոզված է՝ հանրության մի ստվար զանգված գիտի, թե ինչը հանգեցրեց պատերազմին։ Ըստ նրա` պատերազմի պատճառ են դարձել վերջին 2 տասնամյակներում իշխանության ղեկին եղած ղեկավարնների, այդ թվում նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Ասում է՝ իշխանությունները, իմանալով սեփական հնարավորությունները, դեռ տարիներ առաջ երկխոսության պետք է գնային Ադրբեջանի հետ, այլ ոչ թե առճակատման։ Բայց և կարծում է՝ փաստահավաք խմբի միջոցով հնարավոր է որոշ ինչուների պատասխաներ ստանալ. «Շատ բաներ կպարզվեն արդեն պատերազմական ընթացքից գուցե, գուցե կարող էինք ունենալ շատ ավելի քիչ զոհեր, գուցե հանձնաժողովը կարողանա պարզել: Մի խոսքով` ես բոլորովին դեմ չեմ մտքին, ինձ համար պատերազմի պատճառները և պատերազմի ինչպիսի ավարտն ինձ համար պարզ է եղել, և ես հետին թվով չեմ ասում, այդ մասին միշտ խոսել եմ»:
«Լուսավորի» նախագծով պատերազմի պատճառներն ու պարտությունն ուսումնասիրող փաստահավաք խումբն աշխատանքը եզրափակելու է զեկույցի հրապարակմամբ, ինչը, ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` կարող է նաև մի շարք քրեական գործերի հարուցման պատճառ դառնալ։