Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ի նախագծով առաջարկվում է ստեղծել պատերազմի պատճառներն ու պարտությունն ուսումնասիրող փաստահավաք խումբ


Նպատակ ունենալով վեր հանել ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, տեղեկացնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ այդ նախագծի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։

Ըստ նախագծի՝ Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է պատերազմական գործողությունների ընթացքը, պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները (այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում, սպառազինության ձեռքբերման առումներով և այլն), որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար, պատերազմից հետո եռակողմ ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։

Էդմոն Մարուքյանը նշել է, որ փաստահավաք խումբն իր գործունեության արդյունքներով Ազգային ժողովին ներկայացնում է զեկույց, որում ներկայացվում են պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները:

«Բնականաբար մենք գիտակցում ենք, որ այս զեկույցը կարող է ունենալ կարևոր իրավաքաղաքական հետևանքներ և որ դրա շուրջ աշխատանքները պետք է իրականացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն, ըստ այդմ՝ փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ», - գրել է պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG